«Բորուսիան» ու «Բավարիան» խաղաղությամբ բաժանվեցին Դորտմունդում

23:21   5 մարտի, 2016

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Դորտմունդում, որտեղ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» ընդունեց 5 միավորի առավելություն ունեցող առաջատար Մյունխենի «Բավարիային»: Թիմերը չկարողացան գոլերով ուրախացնել երկրպագուներին եւ բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով՝ 0:0:

Խաղի սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում ու փոխնիփոխ գրոհներով: Թիմերը խաղադաշտում պայքարում էին, թե ով պետք է վերահսկի գնդակը, բայց գոլային պահեր գրեթե չկային: Առաջին իրական գոլային պահը եղավ 27-րդ րոպեին, երբ «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան մեն-մենակ դուրս եկավ տանտերերի դարպասապահի դեմ եւ չկարողացավ գրավել դարպասը: Առաջին խաղակեսի վերջնամասում մյունխենցիների առավելությունը նկատելի էր դարձել: 5 պաշտպաններով խաղացող «Բորուսիան» գործում էր երկրորդ համարով ու հակագրոհներով, իսկ «Բավարիան» ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ բավական ակտիվ էր առաջին խաղակեսում:

Երկրորդ խաղակեսի սկզբանասում դաշտի տերերից գոլային պահ կորցրեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ինչին «Բավարիան» պատասխանեց մի քանի վտանգավոր գրոհներով: «Բորուսիան» գնդակը հանձնել էր մրցակցին, բայց չէր մոռանում նաեւ գրոհելու մասին: Հյուրերը, չնայած բազմաթիվ գրոհներին, միայն մեկ անգամ լուրջ անհանգստացրին Ռոման Բյուրկիին, որի հրաշալի սեյվից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Գրանցվեց 0:0 հաշիվը: Արդյունք, որը ձեռնտու էր Խոսեպ Գվարդիոլայի թիմին: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

«Բավարիան» պահպանում է 5 միավորի առավելությունը դորտմունդցիների նկատմամբ: Թոմաս Տուխելի թիմն էլ իր հերթին 16 միավոր առաջ է անցել լավագույն եռյակը եզրափակող Բեռլինի «Հերտայից»:

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 0:0

«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Էրիկ Դուրմ, Լուկաշ Պիշչեկ, Մատս Հումելս, Սվեն Բենդեր, Մարսել Շմելցեր, Յուլիան Վայգլ, Իլկայ Գյունդոգան (Նուրի Շահին, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս (Ադրիան Ռամոս, 80) Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ջոշուա Կիմիխ, Դավիդ Ալաբա, Խուան Բերնատ, Խաբի Ալոնսո (Մեհդի Բենատիա, 90+1), Արտուրո Վիդալ, Թոմաս Մյուլեր, Դուգլաս Կոստա (Ֆրանկ Ռիբերի, 75), Արյեն Ռոբեն, Ռոբերտ Լեւանդովսկի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.