16:58 4 մարտի, 2016Սիրում եմ Հայաստանը: Ունեմ շատ հայ ընկերներ: Հայերի մեջ, հայերի հետ եւ Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի Զվարթնոց օդանավակայում ասաց Եվգենի Պլյուշչենկոն, որը րոպեներ առաջ ժամանեց Հայաստան: Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը մարտի 5-ին Երեւանում կմասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուին:
«Սա իմ երրորդ այցն է Հայաստան: Սիրում եմ Հայաստանը, Երեւանը: Ձեր երկիրը շատ ջերմ է, բարեհամբույր, մարդիկ շատ բարի են ու հյուրընկալ: Ինձ շատ ընդհանուր բաներ են կապում հայերի հետ: Ես շատ հայ ընկերներ ունեմ: Արդեն 18 տարի աշխատում եմ Արի Զաքարյանի հետ, որն իմ մենեջերն է: Ես ինձ շատ լավ եմ զգում հայերի մեջ, հայերի հետ, Հայաստանում՝ եւս: Հայերեն մի քանի բառ գիտեմ: Օրինակ՝ էշի պոչ, բարեւ, ոնց ես, ապեր, ապեր ջան: Գիտեմ, որ հայկական խոհանոցը շատ համեղ է, բայց ես այդքան էլ խոհանոցների սիրահար չեմ: Ես շատ բարդ կյանքով եմ ապրել, շատ դժվարություններ եմ տեսել, այդ պատճառով սնունդի հանդեպ այդքան յուրահատուկ վերաբերմունք չունեմ:
Վաղը կայանալու է մեր շոուն. շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում հայ հանդիսատեսի համար: Հիմա օդանավակայանից կմեկնեմ հյուրանոց, ապա՝ սահադաշտ, որտեղ կհետեւեմ փորձերին, կատարվող աշխատանքներին: Մեր հետ միասին սառույց դուրս կգան նաեւ պրոֆեսիոնալ գեղասահորդներ, հետաքրքիր է լինելու շատ: Երկու ժամ շարունակ ես հայ հանդիսատեսին կտամ միայն դրական լիցքեր: Ամբողջ կյանքս նվիրել եմ գեղասահքին: Այն ինձ համար դարձել է կենսակերպ: Այսօր գեղասահքն իմ աշխատանքն է, որը ես շատ սիրում եմ: Սիրում եմ սահել սառույցի վրա եւ ուրախացնել հանդիսատեսին, սիրում եմ պարբերաբար նոր կերպարներով հանդես գալ: Գեղասահքն ինձ համար նաեւ արվեստ է: Մի մարզաձեւում, թատրոն, մյուզիքլ, էքստրեմալ մարզաձեւ, բալետ, կինո: Այս ամենի համադրությունն է: Իմ մասնագիտությունը սիրում եմ: Գիտեմ, որ Հայաստանում գեղասահքը դանդաղ տեմպերով է զարգանում: Դրա համար անհրաժեշտ է նախ պայմաններ ու սահադաշտ, որը դուք չունեք: Այդ մասին մենք շատ ենք խոսել, բարձրաձայնել, որ Հայաստանը, Երեւանը չուներ սահադաշտ:
Հայերը շատ տաղանդավոր ազգ են՝ շարժունակ, պլաստիկ, պարային: Եվ եթե դուք ունենաք լավ սահադաշտեր, մի քանի տարուց «կծնվեն» պրոֆեսիոնալ գեղասահորդներ, աստղեր: Դուք ժամանակին ունեիք շատ լավ դպրոց, լավ մարզիկներ, մարզիչներ: Հիմա էլ ունեք, ուղղակի նրանք գնացին ձեր երկրորդ հայրենիք՝ Լոս Անջելես (ծիծաղում է):
Ես պատրաստ եմ օգնել Հայաստանում գեղասահքը զարգացնելու հարցում: Ես եւ Արի Զաքարյանը պատրաստ ենք ամեն ինչ անել ձեր երկրի ու հայ մարզիկների համար»,- ասաց Եվգենի Պլյուշչենկոն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.