Մարգարիտա Գասպարյան. Սերենան աննկարագրելի թենիսիստուհի է, նա իրական աստղ է

10:17   1 մարտի, 2016

Սերենա Ուիլյամսն աննկարագրելի թենիսիտուհի է: Նա իրական աստղ է, եւ դա անհերքելի է: Երբ դուրս ես գալիս նրա դեմ հանդիպման, զգում ես, որ քո առջեւ թենիսի մեծ աստղ է: Մեծ պատիվ է նրա դեմ խաղալը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ թենիսիստուհիների դասակարգման վարկանիշային աղյուսակում 43-րդ տեղը զբաղեցնող մոսկվայաբնակ Մարգարիտա Գասպարյանը:

21-ամյա մարզուհին փետրվարի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր 16 աստիճան եւ 43-րդ տեղում է: Ավստրալիայի բաց առաջնությունում Գասպարյանը հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին, ճապոնացի Նարա Կուրումիին ու Ղազախստանը ներկայացնող Յուլյա Պուտինցեւային, իսկ չորրորդ շրջանում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Մարգարիտա, մեր նախորդ զրույցում նշեցիր, որ քո ամենալավ ելույթը եղել է այս տարի Մելբուրնում կայացած Ավստրալիայի բաց առաջնությունում: Ի՞նչ տպավորություններով ես վերադարձել մրցաշարից:

Տպավորություններս աննկարագրելի են: Ես անչափ ուրախ եմ, որ մասնակցեցի այդ առաջնությանը: Սա իմ ամենալավ մասնակցությունն էր, իմ կյանքի ամենահաջող մրցելույթը: Եվ ներշնչված այս լավ մասնակցությունից շարունակելու եմ պատրաստվել հաջորդ մրցաշարերիս:

Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին:

Իտալուհի Սառա Էրանիի հետ ունեցա շատ բարդ խաղ: Նա շատ ուժեղ թենիսիստուհի է: Խաղը շատ բարդ ստացվեց ինձ համար, քանի որ Էրանին բարձր մակարդակի խաղացող է, «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչի մասնակից է, փորձառու թենիսիստուհի: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր նրան հաղթելը: Ուրախ եմ, որ կարողացա հավաքել ուժերս եւ հաղթել նրան:

Ղազախստանը ներկայացնող Յուլյա Պուտինցեւայի հետ ես վաղուց եմ ծանոթ, մենք միասին խաղացել ենք երիտասարդական մրցաշարերում: Պուտինցեւայի հետ խաղն ավելի շատ հոգեբանական ստացվեց. ում նյարդային համակարգն ավելի դիմացկուն կլիներ:

Չորրորդ մրցափուլում մրցակիցդ առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն էր: Ինչպե՞ս կմեկնաբանես Ուիլյամսի հետ խաղդ:

Սերենա Ուիլյամսի հետ սա մեր երկրորդ հանդիպումն էր կորտում, որպես մրցակիցներ: Առաջին մեր հանդիպումը կայացել է 2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում: Այդ ժամանակ մենք խաղացինք առաջին մրցաշրջանում: Այս անգամ հանդիպեցինք չորրորդ մրցափուլում: Այս անգամ Սերենա Ուիլյամսն ավելի լավ էր խաղում եւ ավելի ուժեղ: Գուցե դա նրանից է, որ Ուիմբլդոնում նա ինձ թերագնահատում էր եւ այդքան էլ ուժեղ խաղ չէր ցուցադրում: Այս անգամ նա արդեն հրաշալի խաղաց, երեւում էր, որ գիտի ում դեմ է խաղալու եւ տրամադրված էր:

Ի՞նչը խանգարեց քեզ Սերենայի հետ խաղում հասնել առավելության: Հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ Սերենան քեզ հաղթելու շանս չտվեց: Իսկապե՞ս դու ոչ մի հնարավորություն:

Այո, իրականում ես ուղղակի հնարավորություն չունեի, նա ինձ որեւէ շանս չէր տալիս: Գուցե, ես հնարավորություն ունենայի ավելի լավ խաղ ցույց տալ, նրան կարողանայի ավելի շատ անհարմարություններ տալ, բայց դժվար թե ես կարողանայի նրան հաղթել:

Սերենա Ուիլյամսը քո հետ խաղի մասին կարծիք է հայտնել, որ բազմաթիվ սխալներ է թույլ տվել եւ որ լավ չէր մատուցում: Համամի՞տ ես նրա կարծիքի հետ:

Մեր խաղի ընթացքում Սերենան մի քանի սխալներ թույլ տվեց, բայց դրանք քիչ էին: Նա շատ ակտիվ էիր կորտում, հրաշալի հարվածներ էր անում, ուղղակի շատ լավ էր խաղում: Կարծում եմ՝ ես հոգեբանորեն այդքան էլ պատրաստ չէի նրան հաղթելու, բացի այդ, կարծում եմ, ես դեռ ֆիզիկապես թույլ եմ նրա դեմ:

Ի՞նչ կասես Սերենա Ուիլյամսի մասին:

Նա աննկարագրելի թենիսիտուհի է: Նա իրական աստղ է, եւ դա անհերքելի է: Սերենա Ուլիյամսն անկասկած արժանի է մեծ պատվի: Նա մեծ փառք է վայելում եւ արժանի է այդ փառքին: Սերենան շատ ինքնավստահ է, նույնիսկ կորտ դուրս գալիս, նա իրեն առաջատար է զգում կորտում, վստահ գիտի, որ մտնում է խաղադաշտ հերթական հաղթանակի հետեւից: Մեծ պատիվ է նրա հետ խաղալը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։