Պլատինի. Ես համակարգի զոհ եմ դարձել, գնալու եմ մինչեւ վերջ

11:47   25 փետրվարի, 2016

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի բավարարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի բողոքարկումը, սակայն նրան 8 տարով ֆուտբոլից հեռացնելու ժամկետը կրճատել է 2 տարով:

«Դա մարդու իրավունքների խախտում է: Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն: Դա քաղաքական ու ամոթալի որոշում է: Ես համակարգի զոհ եմ դարձել: Դրա նպատակն ինձ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից զրկելն էր: Ես կանեմ բոլոր բողոքարկումները՝ սկսած CAS-ից: Կգնամ մինչեւ վերջ, որպեսզի ապացուցեմ անմեղությունս»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի  թեկնածուների ցուցակում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.