Անաստասիա Գալուստյան. Մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը

17:06   13 փետրվարի, 2016

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում փետրվարի 12-ին մեկնարկել է ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը: Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը եւ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Անաստասիա Գալուստյանը սահադաշտ դուրս կգա փետրվարի 14-ին եւ 16-ին:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գալուստյանի հետ Խաղերում մրցելույթի դուրս գալուց առաջ:

Անաստասիա, մի փոքր պատմիր քո մասին: Քանի՞ տարեկանից ես զբաղվում գեղասահքով:

Գեղասահքով զբաղվում եմ 3 տարեկանից: Արդեն 14 տարի ամեն օր մարզվում եմ, սառույցի վրա դուրս գալիս: Գեղասահքի հաճախել եմ ծնողերիս՝ հայրիկիս եւ մայրիկիս խորհրդով, քանի որ նրանք եւս գեղասահորդներ են եղել: Սպորտային ընտանիքում եմ մեծացել եւ դա էլ եղել է պատճառ, որ շարունակեմ ծնողներիս ուղին:

Սա իմ առաջին  Օլիմպիական Խխաղերն են: Դեռ պատանեկան, հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ նաեւ մասնակցել մեծերի Օլիմպիական խաղերին: Արդեն մեկնարկել են խաղերը, այստեղ՝ Լիլեհամեր քաղաքում շատ լավ է: Օլիմպիական մթնոլորտ է: Ամեն ինչ ուղղակի հրաշալի է, բարձր տրամադրությամբ:

Ինչպե՞ս ես տրամադրված պայքարին:

Մարտական տրամադրվածություն ունեմ: Հաղթելու ցանկություն ունեմ: Պատրաստ եմ դուրս գալ սահադաշտ ու պայքարել մինչեւ վերջ: Ոչինչ չեմ խնայի մինչեւ վերջ պայքարելու համար: Այդպես եմ տրամադրված:

Ինչպիսի՞ն է մարզավիճակդ եւ ի՞նչ արդյունք ես ակնկալում:

Լավ մարզավիճակում եմ, ֆիզիկապես եւ հոգեբանորեն լիարժեք պատրաստ եմ մրցելույթիս: Ակնկալում եմ լավ ելույթ, բարձր ու արդար գնահատական մրցավարների կողմից: Կփորձեմ ցուցադրել լավ ելույթ, այն ինչին ընդունակ եմ:

Ինչպե՞ս կմեկնաբանես Եվրոպայի մեծահասակների առաջնությունում քո մրցելույթը: Գո՞հ ես քո արդյունքից:

Եվրոպայի առաջնությունում ես իմ բոլոր ուժերը ներդրեցի, ամբողջը, ներկայացրեցի իմ հնարավորությունների 100 տոկոսը: Շատ լրջորեն էի պատրաստվել, տրամադրված դուրս եկա մեկնարկի եւ արդյուվետ պատրաստվում էի լավագույնս հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: Ես պատրաստ էի լավագույն հնգյակ մտնել, բայց ինձ անարդար գնահատեցին մրցավարները: Իմ ծրագիրն արժանի միավորներ չստացավ:

Դու ապրում ես Մոսկվայում, ներկայացնում ես Հայաստանը: Որքանո՞վ է քեզ համար կարեւոր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը:

Ես ապրում եմ Մոսկվայում, այսինքն՝ այնտեղ մարզվում եմ: Իմ պապն ու հայրը հայեր են: Ես մեծ պատիվ եմ համարում միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնելը, այն երկիրը, որտեղից սերում են իմ արմատները: Ուրախ եմ, որ ունեցել եմ եւ ունեմ հնարավորությունը՝ ներկայացնելու Հայաստանը: Եվ նաեւ շատ ուրախ եմ, որ երբ ես դուրս եմ գալիս մրցահարթակ, մարդիկ, հայերը հետաքրքրվում են իմ ելույթներով, իմ արդյունքներով եւ իսկապես ցավում են ինձ համար:

Պատանեկան խաղերին մասնակցում է 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։