Արթուր Աբրահամ. Պակյաոյի մենամարտից հետո երազում էի MGM Grand-ում հանդես գալու մասին

16:05   11 փետրվարի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտի մասին:

«Այս մենամարտը երազանքի իրականացում է ինձ համար: ԱՄՆ-ում անցկացրած նախորդ մենամարտերիս ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի: 2011-ին մեծ տպավորություններ ստացա MGM Grand-ում կայացած Պակյաո - Մոզլի մենամարտից: Դրանից հետո երազում էի այդ մարզապալատում մենամարտելու մասին:

Ինձ համար հեշտ չի լինելու, քանի որ Ռամիրեսը բռնցքամարտի լավ ավանդույթներ ունեցող երկրից է: Նա ցանկանում է դառնալ պատմության առաջին մեքսիկացին, որն աշխարհի չեմպիոն կդառնա սուպերմիջին քաշային կարգում: Սակայն ես, լինելով Գերմանիայում բնակվող եւ մենամարտող հայ, ունեմ հաղթելու երկու պատճառ՝ հպարտություն եւ պատիվ: Այդ մենամարտում ռինգ դուրս կգամ «Ավելի լավ է մահանալ հպարտ, քան ապրել ծնկի իջած» կարգախոսով: Դա իմ կարիերայի մեծագույն հաղթանակն է լինելու»,- Աբրահամի խոսքը փոխանցում է Fighthype.com-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Աբրահամի ու 24-ամյա  Ռամիրեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.