Ռոբերտ Էմմիյան. Հայ աթլետներից ակնկալում եմ 2-3 օլիմպիական ուղեգիր

18:12   26 հունվարի, 2016

Վստահ եմ, որ Ռիո-2016-ում Հայաստանի օլիմպիական թիմում կունենանք նաեւ աթլետներ: Ակնկալում եմ 2-3 օլիմպիական ուղեգիր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ  բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Պարոն Էմմիյան, օլիմպիական տարին սկսված է, իսկ հայ աթլետները դեռ չունեն օլիմպիական ուղեգրեր: Ի՞նչ վարկանիշային մրցաշարերի են մասնակցելու հայ աթլետները եւ կա՞ հնարավորություն օլիմպիական ուղեգրեր նվաճելու, թե՞ սպիտակ քարտի ակնկալիք ունեք:

Մեր թիմը շատ ակտիվ սկսել է օլիմպիական տարին: Այս տարի մինչ Օլիմպիական խաղերը մենք ունենք մի շարք մրցաշարեր, վարկանիշային մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ: Թիմը մասնակցելու է աշխարհի ձմեռային առաջնությանը, Բալկանյան ասոցիացիայի առաջնությանը, պատանիների եւ երիտասարդների շատ կարեւոր մրցումներ ունենք, եվրոպական երկրների թիմային մրցաշարեր: Իմ ամենակարեւոր նպատակն է, որ կարողանանք օլիմպիական վարկանիշ հավաքել Ռիո-2016-ի համար: Ես ցանկանում եմ, որ հայ աթլետները մեկնեն Օլիմպիական խաղեր իրենց նվաճած ուղեգրերով, այլ ոչ սպիտակ քարտերով: Դրա համար ամեն ինչ կանենք, կօգտագործենք բոլոր հնարավորությունները:

Փետրվարի 1-ից մեր լավագույն աթլետները՝ Եվրոպայի երիտասարների չեմպիոն Լեւոն Աղասյանը, Ամալյա Շառոյանը եւ երիտասարդների հավաքականից Արամայիս Սարգսյանը իրենց մարզիչների հետ մեկ ամիս Բուլղարիայում կանցկացնեն ուսումնամարզական հավաք: Բուլղարիայում կայանալիք հավաքն անցկացնելու համար մեզ աջակցել է Բուլղարիայի աթլետիայի ֆեդերացիայի նախագահն, ով նաեւ Բալկանյան ասոցիացիայի նախագահն է: Մեկ ամիս ամենալավ պայմաններում Բուլղարիայի Վառնա քաղաքում մեր աթլետները կպատրաստվեն այս տարվա կարեւորագույն մրցումներին:

Նույն օրերին աթլետիկայի Հայաստանի հավաքականը կրկին մեկ ամիս ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում: Սա լինելու է աշխարհի ձմեռային առաջնության, Բալկանյան ասոցիացիայի մրցաշարի եւ միջազգային մի շարք մրցաշարերին նախորդող ֆիզիկական պատրաստվածության հավաք:

Իսկ ինչպիսի՞ն են Ռիո-2016-ի ուղեգրեր նվաճելու հնարավորությունները:

Մինչեւ այս տարվա հուլիսի վերջ միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով կան մի շարք միջազգային մրցաշարեր, որոնք օլիմպիական վարկանիշ են տալիս: Եվ մենք իրավունք ունենք մինչեւ հուլիսի 23-ը օլիմպիական վարկանիշ հավաքել: Եթե մեզ չհաջողվի օլիմպիական վարկանիշներ հավաքել եւ ուղեգրեր նվաճել, հույս ունեմ, որ մեզ սպիտակ քարտի հնարավորություն կտրվի, որովհետեւ շատ լավ հարաբերությունների մեջ ենք միջազգային ֆեդերացիայի եւ Եվրոպական ասոցիացիայի հետ: Մնում է միայն, որ մեր մարզիկները լրջորեն տրամադրվեն եւ վերաբերվեն մարզումներին, այս հավաքներին, որը ես կազմակերպել եմ նրանց համար, շատ աշխատեն, լավ մարզվեն եւ ջանք չխնայեն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: Իրականում, ես ցանկանում եմ, որ նրանք սեփական ուժերով նվաճած ուղեգրերով մեկնեն Օլիմպիական խաղեր: Սա շատ կարեւոր տարի է մեզ համար եւ մասնակցությունը եւ լավ արդյունքները մեր երկրի համար չափից ավելի կարեւոր են:

Պարոն Էմմիյան, քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք եւ ումի՞ց:

Շատ մեծ հույսեր եմ կապում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, եռացատկորդ Լեւոն Աղասյանի հետ, վազորդուհի Ամալյա Շառոյանի հետ, նա շատ մեծ հնարավորություն ունի օլիմպիական վարկանիշ լրացնել նաեւ հեռացատկում, սպասելիներ ունեմ նիզականետորդ Մելիք Ջանոյանից, կփորձենք նաեւ երիտասարդ Լիլիթ Հարությունյանին եւ հեռացատկորդ Արսեն Սարգսյանին: Եթե այս մեր ուժեղագույն մարզիկների շնորհիվ կարողանանք 2-3 ուղեգիր ունենալ, չափից ավելի շատ կուրախանամ: Բայց իրենց արդյունքներով, չեմ զլանում շեշտել: Ես ուզում եմ, որ մեր մարզիկները իրենց ուժերով արդարացնեն մեր բոլորիս սպասելիքները:

Ամեն դեպքում, վստա՞հ եք, որ Ռիոյում Հայաստանի օլիմպիական թիմը կունենա նաեւ աթլետ:

Վստահ եմ: Անպայման պետք է ունենանք եւ ամեն ինչ անում ենք դրա համար: Հայաստանի օլիմպիական թիմը առանց սպորտի թագուհու ներկայացուցիչների չի լինի:

Պարոն Էմմիյան, ձեր՝ Եվրոպայի 8,86 մետր ռեկորդը դեռեւս չգերազանցված է: Հայաստանի հավաքականից  ո՞վ է մոտ Ձեր արդյունքներին, ըստ Ձեզ, ո՞վ ունի այդ հնարավորությունը՝ գրանցելու այնպիսի արդյունքներ, ինչպիսին Դուք եք ունեցել:

Դա իմ կյանքի երազանքներից մեկն է, որ հայ մարզիկներից մեկը կարողանա մի օր գրանցի բարձր արդյունք: Եթե մեր հայ մարզիկներից որեւէ մեկը կարողանա արդեն 30 տարվա Եվրոպայի իմ ռեկորդը կրկնի կամ գերազանցի, ես միայն երջանիկ կլինեմ: Պարտադիր չէ, որ մեր մարզիկները իմ ռեկորդը գերազանցեն, ես ուրախ կլինեմ, որ նրանք միջազգային ռեկորդներ, անձնական ռեկորդներ սահմանեն: Մեր ժողովուրդը սիրում է սպորտ, եւ ես հպարտանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են քաջալերում հայ մարզիկներին, ուրախանում նրանց հաջողություններով: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր ժողովուրդը ուրախանա նաեւ աթլետների հաջողություններով:

Իսկ ո՞վ կարող է հայ մարզիկներից մոտենալ ձեր արդյունքին:

Որակյալ հեռացատկորդներ ունենք: Մեծ հնարավորություն ունի պատանիներից  Գոռ Կարայանը: Արսեն Սարգսյանն էլ ունի մեծ ներուժ: Պետք է միայն շատ աշխատել: Լավ կլիներ, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղու կառուցումը շուտ սկսվեր, շուտ ավարտվեր եւ մեր մարզիկները հնարավորություն ունենային նոր վազքուղու վրա մարզվել:

Ի դեպ, ի՞նչ ընթացքի մեջ է վազքուղու կառուցումը: Հայկական կողմը փոխանցե՞լ է անհրաժեշտ գումարը:

Ես շատ ուրախալի լուր ունեմ, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը: Բոլոր կողմերը ստորագրել են այն՝ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախագահը, Mondo կազմակերպությունը, որին վստահվել է վազքուղու կառուցումը, ալթետիկայի ֆեդերացիայի ֆոնդը, որն էլ տրամադրելու է դրամական աջակցությունը Հայաստանին: Այդ ստորագրված հիմնական փաստաթուղթն արդեն Հայաստանում է՝ Հայաստանի սպորտի նախարարությանն է հանձնվել, նախարար Գաբրիել Ղազարյանին:

Նորից ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, սպորտի նախարարին, ովքեր ամեն ինչ արեցին, որ այդ փաստաթուղթը ստորագրվի եւ իրենց համաձայնությունը տվեցին, որ այս տարի այդ վաղքուղին ունենանք: Այժմ միայն մնացել է Հայաստանի կողմից տրամադրվող գումարը փոխանցվի միջազգային ֆեդերացիային եւ մոտ ժամանակներս միջազգային ֆեդերացիան հանձնարարի սկսել աշխատանքները:

Արդեն այս տարվա ամռանը վազքուղին պատրաստ կլինի՞:

Այո: Հնարավոր է: Ամեն ինչ արված է դրա համար: Փաստաթուղթը ստորագրված է եւ երեք օր առաջ փաստաթուղթը հանձնվել է սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին: Վերջինս պետք է այդ փաստաթուղթը հանձնի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Հիշեցնենք, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղու նախագծի կառուցումը կազմում էր մոտ 1 միլիոն եվրո: Բայց միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիաները Ռոբերտ Էմմիյանի միջոնրդությամբ  պատրաստ են կառուցել 380 հազար եվրոյով, որից 160 հազարը օժանդակում են վերոնշյալ  երկու ֆեդերացիաները: Հայաստանի կառավարությունը վազքուղու կառուցման համար պետբյուջեից տրամադրում է 220 հազար եվրո:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։