Լեոն Հարթ. Միշտ ջերմ ընդունելության եմ արժանանում, երբ ծածանում եմ մեր եռագույնը

18:06   22 հունվարի, 2016

Ուրախ եմ, որ հաղթեցի: Սակայն հաղթանակիցս հետո մեր դրոշը չբարձրացվեց, քանի որ սա վարկանիշային մենամարտ էր: Երկրպագուներիս ու հանդիսատեսի կողմից միշտ ջերմ ընդունելության եմ արժանանում, երբ գլխավերեւումս պահում եմ մեր եռագույնը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, GBU European տիտղոսակիր, Հայաստանը ներկայացնող Լեոն Հարթը, ով հունվարի 9-ին Բեռլինում կայացած վարկանիշային մենամարտում պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Վլադիմիր Իդրաինիին:

Լեոն, շնորհավորում եմ հաղթանակիդ կապակցությամբ: Ինչպե՞ս կմենաբանես մենամարտդ: Գո՞հ ես քո արդյունքից:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ուրախ եմ, որ հաղթեցի, բայց սպասելիքներս ավելին էին իմ մենամարտից: Այն թույլ ստացվեց, քանի որ մենամարտից երկու օր առաջ հարբուխ ունեի, մենամարտի ընթացքում ինձ այդքան էլ լավ չէի զգում, լիովին չէի ապաքինվել: Դրանից ելնելով մենամարտս թույլ ստացվեց իմ կարծիքով: Բայց շատ ուրախ եմ, որ հարբուխս չխանգարեց մենամարտն իմ հաղթանակով ավարտել:

Ի՞նչ կասես մրցակցիդ՝ սլովակ բռնցքամարտիկի մասին: Վստա՞հ էիր, որ կհաղթես:

Մրցակիցս ֆիզիկապես լավ պատրաստված էր, ես ուսումնասիրել էի նրա մենամարտերը, ինչպես արդեն ասել եմ, նա ֆիզիկապես լավ պատրաստված բռնցքամարտիկ է, բայց տեխնիկապես թույլ է:

Ամեն մրցափուլում էլ վստահ էի, որ հաղթողը ես եմ: Մի պահ նույնիսկ փորձեցի նոկաուտի ենթարկել նրան, բայց քանի որ նա ֆիզիկապես շատ պինդ էր, չհաջողվեց: Նոկաուտի հնարավորություն ունեցա, բայց նրա ֆիզիկական պատրաստվածությունը ձախողեց ցանկությունս:

Մրցավարությունն ինչպիսի՞ն էր: Առհասարակ, այն որ դու հանդես ես գալիս Հայաստանի դրոշի ներքո, ինչպե՞ս են ընդունում քեզ մրցավարները, արդարացի են դատո՞ւմ քո մենամարտերը:

Մրցավարությունն այդ մենամարտում իսկապես շատ արդար եղավ, գոհ եմ մրցավարներից: Իմ բոլոր մենամարտերի ժամանակ շեշտվում է, որ ես բնակվում եմ Գերմանիայում, գերմանահայ բռնցքամարտիկ եմ, բայց ներկայացնում եմ Հայաստանը: Հայ լինելս միշտ շեշտվում է, ինչը շատ ուրախալի է ինձ համար: Յուրաքանչյուր մենամարտից առաջ մրցավարները տեղեկանում են, որ չնայած ապրում եմ Գերմանիայում, բայց ներկայացնում եմ իմ հայրենիքը եւ մինչ օրս որեւէ անարդար վերաբերմունք, կողմնակալություն չեմ նկատել մրցավարների կողմից:

Գերմանիայում երկրպագուներիդ եւ դահլիճից մենամարտերիդ հետեւող հանդիսատեսի կողմից ինչպե՞ս է ընդունվում Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալդ եւ հայկական եռագույնը ծածանելդ: Այս մենամարտիդ ծածանեցի՞ր Հայաստանի դրոշը:

Քանի որ այս անգամ վարկանիշային մենամարտ էր, Հայաստանի դրոշի ներքո կրկին հանդես եկա, բայց հայկական եռագույնը գլխավերեւումս չպահեցի: Բայց նախորդ մենամարտերիս ժամանակ միշտ բարձրացվել է մեր դրոշը եւ միշտ ջերմ ընդունելության եմ արժանացել երկրպագուներիս ու հանդիսատեսի կողմից: Եվ ես ինքս էլ հպարտություն եմ զգում, որ հաղթանակից հետո բարձրացվում է մեռ եռագույնը:

Հաջորդ մրցակիցդ ո՞վ է լինելու եւ ե՞րբ է սպասվում տիտղոսի համար մենամարտ:

Դեռեւս հստակեցված չէ, թե երբ է լինելու հաջորդ մենամարտս եւ ով է լինելու մրցակիցս. այժմ բանակցությունների փուլում ենք:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։