NEWS.am Sport NewYear. Արթուր Աբրահամի ամանորյա բարեմաղթանքը

21:19   31 դեկտեմբերի, 2015

Սրտանց շնորհավորում եմ բոլոր հայերի Նոր տարին, թող բոլորն առողջ լինեն, ընտանիքներում խաղաղություն լինի եւ երջանկություն: Իսկ ինձ համար կուզեմ, որ 2016-ում իմ փոքրիկ ընտանիքն արդեն մեկ անդամով ավելանա՝ երեխա ծնվի: Շնորհավոր, Նոր տարի:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս ցանկություններն առանձնացրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արթուր Աբրահամի համար 2015 թվականը թերեւս ամենահիշվող ու տպավորիչ տարին կլինի. այս տարի հայ մարզիկն ամուսնացավ: Ինչպես նշում է Արթուր Աբրահամը, 2015-ում իր համար ամենաուրախ եւ հիշարժան օրը ամուսնության օրն է մնալու, այդ օրը հավերժ սիրո ու երջանկության թելերով կապեցին իր եւ Մերիի ճակատագրերը:

Արթուր Աբրահամի համար տարին հագեցած ու հաջող էր նաեւ մարզական կարիերայում. նա երեք մենամարտ անցկացրեց՝ երեք անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի գոտին եւ ապացուցելով, որ իր քաշային կարգում իրենից ուժեղն աշխարհում դեռ չկա, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ հայերն ամենաուժեղն են.

«Այս տարին շատ հաջող էր ինձ համար՝ ամուսնացա (ժպտում է): Արդեն ունեմ իմ ընտանիքը եւ շատ երջանիկ եմ: Անցկացրեցի նաեւ երեք մենամարտ, երեքն էլ հաղթանակով: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց երեք մենամարտերում էլ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսս:

Սիրում եմ Նոր տարին, երբ ժամանակն է ամփոփել անցնող տարին եւ նոր ծրագրերով ու նպատակներով մտնել նոր տարի: Ամանորը կդիմավորենք ամբողջ ընտանիքով՝ ինչպես միշտ ենք անում, բոլորով միասին մեծ սեղանի շուրջ կհավաքվենք եւ բաժակները լի կշնորհավորենք միմյանց՝ մաղթելով ամենալավը»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։