Արմեն Նազարյան. Շատ բան եմ սովորել Գերմանիայի մարզիչներից

13:05   22 դեկտեմբերի, 2015

Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը պատասխանատու աշխատանք է, բայց ամեն ինչ կանեմ, որ լավ արդյունքներ լինեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, 2005 թվականի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 22-ին ներկայացրել էր հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Նազարյանին, որը կփոխարինի Տիգրան Բաբայանին:

«Ես երկար տարիներ մարզվել եմ Գերմանիայում, շատ բան եմ սովորել այնտեղի մարզիչներից: Ինձ թվում է՝ իմ ավագ մարզիչների հետ միասին կկարողանամ այդ փուլը հաղթահարել եւ ինձ նման լավ մարզիկներ պատրաստել Հայաստանի համար: Պատասխանատու աշխատանք է վստահվել ինձ, կփորձեմ ամեն ինչ անել, ավագ կոլեգաներիս հետ խորհրդակցելով աշխատել առաջիկա օլիմպիական ցիկլի ընթացքում: Արդեն հավաքականի ծրագիրը կազմված է: Հովհաննես Դավթյանն ու Ֆերդինանտ Կարապետյանն կմասնակցեն վարկանիշային մրցաշարերի, իսկ երիտասարդների համար կմշակենք առաձին ծրագիր: Հունվարի վերջին նախատեսել ենք համատեղ հավաք անցկացնել Վրաստանի հավաքականի հետ: Աչքիս տակ ունեմ 73 եւ 90 կգ քաշային երկու մարզիկ, որոնք կհրավիրվեն Վլադիկավկազից: Նրանց կնախապատրաստենք հաջորդ օլիմպիական ցիկլում՝ 2020-ի Խաղերի համար:

Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը պատասխանատու աշխատանք է, բայց ես ամեն ինչ կանեմ, որ լավ արդյունքներ լինեն: Այնպես, ինչպես ես եմ կարողացել Հայաստանի դրոշը բարձրացնել միջազգային մրցասպարեզում, իմ ամբողջ գիտելիքներն ու փորձը կներդնեմ՝ երիտասարդ ձյուդոիստներին հաջողության հասցնելու համար»,- ասաց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։