Դավիթ Խիթարյանն ամփոփել է անցնող տարին

12:45   22 դեկտեմբերի, 2015

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է ավարտվող մրցաշրջանը:

«Նախարարության կողմից մեզ տրամադրվել է 71 միլիոն դրամ, իսկ 2015 թվականին 52 միլիոն դրամ ավելի ենք ծախսել այս բյուջեից բացի՝ մեր հովանավորների ներդրումներով: Ընդհանուր առմամբ, նվաճել ենք 33 մեդալ: Դա քիչ չէ տարվա աշխատանքի համար: Բայց պաշտոնական առաջնություններում չկարողացանք բավարար քանակի մեդալներ ունենալ: 33 մեդալներից 6-ը վարկանիշային մրցաշարերի մեդալներն են: Համաշխարհային վարկանիշային աղյուսակում լավագույն 22-ի մեջ հայտնվելը օլիմպիական վարկանիշ է տալիս տղաների համար, 14-ը՝ աղջիկների համար: Տարվա սկզբում չունեինք ոչ մի վարկանիշ, տարին սկսել ենք զրոյից: Տարին փակում ենք լավ արդյունքով՝ Հովհաննես Դավթյանն այս պահին 14-րդն է, իսկ Ժաննա Ստանկեւիչը՝ 25-րդը:

Օլիմպիական վարկանիշներ ակնկալում են նաեւ հավաքականի նորեկ Ֆերդինանտ Կարապետյանից: Նա այս տարի է համալրել հավաքականը, մասնակցեց Հայաստանի առաջնությանը եւ դարձավ չեմպիոն իր քաշային կարգում: Հույս ունենք, որ Ռիո-2016-ում կունենանք երեք օլիմպիական՝ Հովհաննես Դավթյան, Ժաննա Ստանկեւիչ եւ Ֆերդինանտ Կարապետյան:

Այս պահից արդեն հավաքականը կգլխավորի Արմեն Նազարյանը: Տիգրան Բաբայանի աշխատանքը չբավարարեց ֆեդերացիային, արդյունքներ չկային»,- ասադ Դավիթ Խիթարյանը:

2016-ի անելիքների մասին Դավիթ Խիթարյանը նշեց հետեւյալը. «2016-ին ունենք մի քանի վարկանիշային մրցաշարեր, բայց մինչեւ այդ՝ հունվարի 6-14-ը հայ ձյուդոիստները Ավստրիայում կմասնակցեն միջազգային հավաքի: Մրցաշարեր ունենք Կուբայում, Փարիզում, Աստանայում եւ Կազանում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք ունեն համաշխարհային դասակարգման 15 լավագույն ձյուդոիստները: Ամենաշատ միավորներն այդ մրցաշարն է տալիս»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։