Նազիկ Ավդալյան. Ավտովթարից հետո մտածում էին, որ կհեռանամ մեծ սպորտից, բայց ես այդ մասին երբեք չեմ մտածել

00:25   26 նոյեմբերի, 2015

Աշխարհի առաջնությունում իմ մասնակցության նպատակը Ռիո-2016-ի օլիմպիական վարկանիշային միավորներ նվաճելն ու Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով այս գիշեր դուրս կգա մրցահարթակ:

Նազիկ, դու կրկին մրցահարթակում ես: Մի շրջան դու հանդես եկար որպեսզ մարզիչ, մայրացար, այժմ կրկին որպես մարզիկ կկանգնես ծանրաձողի առջեւ աշխարհի առաջնությունում: Ինչպե՞ս որոշում կայացրեցիր շարունակել մարզական կարիերադ:

2011 թվականի ավտովթարից հետո բոլորը մտածում էին, որ ես պետք է թողնեմ ծանրամարտը, հեռանամ մեծ սպորտից, բայց ես երբեք այդ մասին չեմ մտածել, չէի մտածել նույնիսկ ավտովթարից հետո, որ սա արդեն ավարտն է: Վիրահատությունից հետո ես միշտ հույս եմ ունեցել, որ ես վերադառնալու եմ մեծ սպորտ: Ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր երկրորդ վիրահատությունս, ողնաշարիցս պետք է հեռացնեին մետաղները, որպեսզի հետագայում չխանգարեր մարզումներին: Ամիսներ անց հեռացրեցին մետաղները,  աստիճանաբար սկսեցի մարզումներս: Այս տարվա հունվարից սկսեցի պարբերաբար մարզվել արդեն ծանրաձողով եւ արդեն մոտ մեկ տարի է ես լիարժեք մարզումների մեջ եմ:

Այս ընթացքում ինձ առաջարկվեց նաեւ մարզչական գործունեություն, փորձեցի, բայց չէի կարողանում առանց մարզումների, առանց սպորտի, կարծես ինչ-որ մի բան ներսումս պակասեր: Որոշեցի վերսկսել մարզումներս, քանի որ ինձ թվում է, որ ես էլի ինչ-որ բան կկարողանամ անել մեծ սպորտում:

Սկսել ես աշխարհի առաջնությունից: Ռիո-2016-ի նպատակ ունե՞ս:

Բոլոր մարզիկների երազանքն ու նպատակ են Օլիմպիական խաղերը: Ես էլ բացառություն չեմ: Ես էլ բոլորի պես պայքարում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Եվ այս պահին աշխարհի առաջնությունում իմ մասնակցության նպատակը Ռիո-2016-ի օլիմպիական վարկանիշային միավորներ նվաճելն ու Խաղերին մասնակցելն է:

Դու արդեն մեկ անգամ նվաճել ես աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս աշխարհի առաջնությունում մեդալի հույս ունե՞ս:

Լավ կլինի, որ կարողանամ մեդալների համար պայքարել, մեդալ նվաճել, բայց իմ հիմնական նպատակը օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելն է: Այս պահին ունենք արդեն երկու տեղ կանանց մրցաշարում, պետք է կարողանանք պահպանել եւ շատ վարկանիշային միավորներ հավաքել, որպեսզի ավելացնենք ուղեգրերի քանակը:

Մայրանալուց հետո մարզադահլիճ մտնելու բարդույթն ինչպե՞ս հաղթահարեցիր:

Իսկապես բարդույթ կար: Շատ տարբեր էր, զգացողությունները տարբեր էին, երբ մայրանալուց հետո մուտք գործեցի մարզադահլիճ կրկին որպես մարզուհի: Այն ժամանակ այլ էր, հիմա երբ արդեն մայր եմ, այլ գիտակցությամբ եմ մտնում մարզադահլիճ, մարզվում: Ընտանեկան հոգսերը, խնդիրները, ընտանիքից, բալիկից հեռու գտնվելը իսկապես փոխում է մարդու գիտակցությունը: Ինձ համար սպորտը մեծ նշանակություն ունի, ավելի մեծ նշանակություն ունի ընտանիքս, որդիս: Հիմա ամեն ինչին այլ աչքերով եմ նայում, պատասխանատվությունս ավելի է մեծացել: Սպորտում եւս պատասխանատվությունս կրկնապատկվել է. արդեն մայր լինելով, կին լինելով գիտակցում եմ, որ մտել եմ սպորտ, ուրեմն պատասխանատվությամբ պետք է մոտենամ իմ մարզաձեւին, որպեսզի հենց այնպես դուրս չգամ սպորտից:

Սա նշանակում է, նվաճումներդ այսուհետեւ որդուդ համար են լինելո՞ւ:

Բնականաբար, այո: Իհարկե, փորձում եմ այնպես անել, որ մարզումների ժամանակ ոչնչի մասին չմտածեմ, կենտրոնանամ մարզումների վրա, հետագայում արդեն երբ ձեռքբերումներ, նվաճումներ կունենամ ամեն ինչ կնվիրեմ նրան: Բարդ է համատեղելը, բայց փորձում եմ չտրվել զգացմունքներին, շատ եմ կարոտում որդուս, սա ինձ համար երեւի թե ամենադժվար բարդությունն է՝ դիմադրել որդուս կարոտին եւ կենտրոնանալ մրցումների վրա:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։