14:38 25 նոյեմբերի, 2015Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը դեռ վերջնական որոշված չէ: Մեր տղաների մասնակցությունը Բաքվում շատ դժվար կլինի: Կլինեն քննարկումներ, իրենց կարծիքները կհայտնեն նաեւ հավաքականի անդամները եւ առաջիկայում կորոշվի մասնակցության հարցը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային, Նորվեգիային, Գերմանիային, Լեհաստանին ու Վրաստանին, ոչ ոքի խաղաց Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի հետ եւ միակ պարտությունը կրեց ֆրանսիացիներից: Կանանց Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով 11-րդ տեղը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տղաներին լավ հանդես գալու կապակցությամբ, մենք ունենք մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ՝ ոսկե մեդալակիր Հրանտ Մելքումյանը, արծաթե մեդալակիր Լեւոն Արոնյանը եւ բրոնզե մեդալակիր Գաբրիել Սարգսյանը: Սերգեյ Մովսեսյանի մասին կասեմ, որ այս երկու տարիների ընթացքում նրա հետ կարծես ինչ-որ բան է տեղի ունենում եւ նա չի կարողանում իր տեղը գտնել: Այս առաջնությունում նա լավ հանդես եկավ, բայց կարծում եմ՝ առաջիկայում նա մշտապես լավագույն խաղերը ցույց կտա: Նորեկ Կարեն Գրիգորյանի մասին էլ կասեմ, որ նա պետք է շատ աշխատի, որպեսզի դառնա թիմի լիարժեք անդամ եւ պրոֆեսիոնալ շախմատիստ: Նա ունակություններով տղա է, բայց սովորելու դեռ շատ բան ունի:
Սովորաբար նման մրցաշարերում շատ մեծ լարվածություն է լինում: Սա շատ բարդ մրցաշար էր մեր հավաքականի համար, սկզբում ունեցանք վրիպում, բայց վերջնամասում ունեցանք գերազանզ խաղեր: Շատ լավ խաղացին մեր տղաները, շատ համախմբված էին, միասնական, հաղթանակի տրամադրված: Մեր հավաքականն ունի շատ հզոր շախմատային ուժ, տղամարդուն բնորոշ բնավորություն՝ միշտ լինել հաղթողի դերում: Մենք փոխչեմպիոնի տիտղոսով վերադարձանք Հայաստան, եւ սա մեծ արդյունք է մեզ համար:
Ամբողջ աշխարհում առաջին երկիրը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների քանակով Ռուսաստանն է՝ 23 մեդալ, երկրորդը Հայաստանն է՝ 15 մեդալ, երրորդ գերհզոր թիմը Ուկրաինան է: Այս երեք պետությունները ամենահզորներն են, շախմատային գերտերություններ են, որոնք հաշվարկով ամենաշատ մեդալներ նվաճածներն են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Մեզ համար հաղթանակ է լինել այդ գերտերությունների մեջ»,- ասաց Սմբատ Լպուտյանը:
Խոսելով կանանց հավաքականի ելույթի մասին Եվրոպայի թիմային առաջնությունում, ֆեդերացիայի փոխնախագահը նշեց.
«Կա կարծիք, որ կանանց Հայաստանի հավաքականը լավ հանդես չի գալիս: Բայց ամբողջ Եվրոպայում մեր կանանց հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնություններում նվաճած մեդալների քանակով: Անհաջողություններ լինում են մրցաշարերում, բայց կանանց թիմը նույնպես լավ է հանդես գալիս»:
Խոսելով հաջորդ տարի Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադայի մասին, Լպուտյանն ասաց, որ Հայաստանի մասնակցությանը հարցը դեռ որոշված չէ:
«Առջեւում ունենք շատ կարեւոր ստուգատես՝ Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադան, որտեղ մեր մասնակցության հարցը դեռեւս վերջնական որոշված չէ: Մեր տղաների մասնակցությունը Բաքվում շատ դժվար կլինի: Կլինեն քննարկումներ, իրենց կարծիքները կհայտնեն հավաքականի անդամները: Հոգեբանորեն շատ լարված կլինեն մեր տղաները եւ շատ դժվար է լինելու մեր մարզիկների համար, եթե որոշվի մեկնել Բաքու: Ես որպես շախմատիստ եմ ասում՝ եթե մարզիկի միտքը ինչ-որ մի հարցով զբաղված է, կամ հոգեբանորեն լարված ես, դա բացասաբար է անդրադառնալու խաղի վրա»,- ասաց Սմբատ Լպուտյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.