22:20 10 նոյեմբերի, 2015Շատ եմ առաջարկել իմ օգնությունը՝ Հայաստանում բռնցքամարտը, մասնավորապես, պրոֆեսիոնալը զարգացնելու համար, հայրենիքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ հիմնել, ԱՄՆ-ից մարզահագուստ, կաշվե ձեռնոցներ, մարզագույք եմ փորձել ուղարկել, բայց ոչ ոք ինձ ձեռք չի մեկնել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:
2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած, 2004 թվականից Ավստրալիայի քաղաքացիություն ստացած բռնցքամարտիկը եղել է WBA, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, նվաճել է նաեւ IBF վարկածով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին, նաեւ նվաճել է IBO չորս տիտղոս։ Վիկ Դարչինյանը կնոջ եւ երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:
Վիկ, դու նվաճել ես պրոֆեսիոնալ բռնցքամարտի բոլոր տիտղոսները: Ինչպե՞ս է սկսվել ամենը:
Կիրովականցի տղա եմ, այնտեղ սկսել եմ մարզվել բռնցքամարտով 8 տարեկանում՝ մարզիչ Վազգեն Բադալյանի մոտ: 1999 թվականին սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի եւ նվաճեցի 2000թ. Սիդնեյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Սիդնեյ-2000-ում 12 քաշային կարգերում Հայաստանից մասնակցեցինք երեք բռնցքամարտիկով: Դա իմ կյանքի առաջին եւ վերջին Օլիմպիական խաղերն էին: Այսօրվա պես հիշում եմ իմ մասնակցությունը Սիդնեյ-2000-ում: Առաջին օրը մրցակիցս աշխարհի չեմպիոն ռուս բռնցքամարտիկ էր, ում պարտության մատնեցի: Հաղթական մենամարտիս ավարտից հետո ինձ մոտեցան եւ առաջարկեցին Հայաստանի պատվիրակության հետ չվերադառնալ հայրենիք, մնալ Ավստրալիայում՝ այստեղ շարունակել բռնցքամարտիկի կարիերան եւ սիրողականից փոխել պրոֆեսիոնալ: Ես համաձայնեցի, քանի որ արդեն ցանկություն ունեի լքել սիրողական բռնցքամարտն ու տեղափոխվել պրոֆեսիոնալ: Իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկար, խոսք անգամ լինել չէր կարող: Հիմա էլ չկա, որքան էլ մարզվում են, բայց իրենից ոչինչ չի ներկայացնում պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում:
Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը զբաղեցրի: Խաղերից հետո մեկ ամիս մնացի Ավստրալիայում, փորձամրցումներ անցկացրեցի եւ պաշտոնական հրավեր ստացա հաստատվելու այստեղ:
Երբ որոշեցիր հաստատվել Ավստրալիայում՝ լքելով հայկական բռնցքամարտը, Հայաստանում ինչպե՞ս ընդունվեց քո որոշումը:
Բռնցքամարտի տեսակետից Հայաստանում հայացքներն ու որոշումներն ուրիշ են, ավելի հետ են: Եթե տեսնում են՝ Հայաստանում սիրողական բռնցքամարտը չի զարգանում, պետք է պրոֆեսիոնալը հիմնեն: Սիրողականներին սպարինգ անելով պրոֆեսիոնալների հետ ավելի լավ աճ, զարգացում եւ արդյունք կունենան: Իսկ Հայաստանում դեմ են այս ամենին: Ես նկատում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու ցանկություն ու միտում էլ չկա:
Երբ 2004 թվականին ես դարձա աշխարհի չեմպիոն, 4 տարի պայքարել եմ պրոֆեսիոնալ բռցնքամարտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ, ցանկանում էի ակումբ հիմնել այդտեղ, բայց ոչ մեկ ինձ ձեռք չմեկնեց, ցանկություն չհայտնեց ինձ օգնել, ուղղություն ցույց տալ, ոչ ոք հետաքրքրված չէր: Այդ անուշադրությունից եւ անպատասխան վերաբերմունքից հիասթափվեցի: Ես մեկ անգամ մենամարտ ունեցա Մարզահամերգային համալիրում, բայց ոչ Հայաստանի դրոշի ներքո: Այդ ժամանակ զգացի, որ մարդիկ շատ հետաքրքրված են, ավելի քան 10 հազար հանդիսական կար, իսկապես բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեւեցին եւ երկրպագեցին ինձ:
Ըստ քեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չի զարգանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը:
Չեն ցանկանում: Դեմ են պրոֆեսիոնալին: 15 տարի առաջ նույնիսկ չէին ցանկանում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի անունը լսել: Կարծես՝ չեն ցանկանում, որ բռնցքամարտիկներն իրենց համար նաեւ կռվեն, գումարներ վաստակեն:
Պրոֆեսիոնալ ռինգում 50 մենամարտ ես ունեցել, 41 հաղթանակ՝ 30-ը նոկաուտով: Դժվարությա՞մբ են տրվել քեզ այդ հաղթանակները եւ ի՞նչ արժեք ունեն դրանք քեզ համար:
Դժվար ոչինչ չկա: Եթե լավ ես մարզվում, լավ ես պատրաստվում, եթե քեզ համար կարեւոր է հաղթանակը, այն միանշանակ քոնը կլինի: Հաղթանակներից որեւէ մեկը հավասար չէ մյուսին, ինձ համար բոլորն էլ առանձնահատուկ են, կարեւոր, արժեքավոր, ասես ամեն անգամ մի մեծ ձեռքբերում ունենամ:
Իսկ պարտություններն ինչպե՞ս ես տանում: Ո՞րն է եղել ամենացավալի պարտությունդ:
Պարտություններիցս չորսն ինձ անարդար են դատել: Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի: Ամենավատ հիշողությունս 2009 թվականին մեքսիկացու հետ մենամարտս է, որտեղ ինձ անարդար դատեցին: Ես նրան լավ ծեծեցի, իսկ նա ինձ անընդհատ գոտկատեղից ներքեւ էր հարվածում: Մրցավարները տեսնում էին եւ ոչինչ չէին ասում, ձայն չէին հանում: Իսկ նման պարագայում մրցավարներն իրավունք չունեն շարունակել մրցավարությունը, պետք է կանգնեցնեին մենամարտը, մեքսիկացուն պարտություն տային եւ մեկ տարի որակազրկեին: Քանի որ ես մենամարտում էի իրենց շոուի մեջ, նրանք ուղղակի չնկատելու տվեցին եւ հաղթանակը մեքսիկացուն հանձնեցին:
Պարտություններից սակայն չեմ հիասթափվում, դրանք ինձ ավելի մեծ ուժ են տալիս: Ընդունում եմ յուրաքանչյուր պարտությունս, եթե արդար պարտություն է: Աշխարհի չեմպիոն եմ դարձել 3 քաշային կարգերում, որոնցից մեկում՝ բացարձակ, չորս գոտի եմ ունեցել:
Ինչպե՞ս կորցրիր աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:
Տարբեր քաշային կարգեր փոխեցի, ինքս թողեցի իմ գոտիները եւ այդպես կորցրեցի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Իսկ քաշային կարգս այդ շրջանում փոխեցի ուրիշ գոտիներ նվաճելու նպատակով: Իմ մարզական կարիերայում ամենալավ տարին 2008 թվականն էր, երբ նվաճեցի բոլոր գոտիները՝ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն: Իմ տեղեկություններով, 2008 թվականից հետո մինչեւ օրս պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի բացարձակ չեմպիոն չի եղել: Այդ տիտղոսը ես կարողացա պահպանել շուրջ 1.5 տարի:
Ինձ քիչ ժամանակ է մնացել մեծ սպորտում: Արդեն 39 տարեկան եմ: Ամենաուշը մեկուկես տարուց կլքեմ մեծ սպորտը՝ որպես մարզիկ: Տարիքս արդեն թույլ չի տալիս: Նպատակ ունեմ հետ բերել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումս: Ցանկանում եմ իմ՝ 53,5 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին նվաճել եւ մյուս չեմպիոններին ձեռնոց նետել, որպեսզի բացարձակ չեմպիոնի գոտու համար մենամարտեմ: Այստեղ արդեն հարց է՝ կընդունեն ձեռնոցս, թե՝ ոչ: Եթե չընդունեն, այլեւս չեմ սպասի, արդեն իմ ապագայի ծրագրերը կիրականացնեմ ռինգից դուրս:
Դեկտեմբերի 12-ին Ավստրալիայում կկայանա իմ հերթական մենամարտը ֆիլիպինցի բռնցքամարտիկի հետ: Դա լինելու է աշխարհի փոքր գոտու մենամարտ՝ International IBF տիտղոս, իսկ հետո արդեն 2016 թվականի մարտին կամ ապրիլին եւս մեկ մենամարտ կունենամ արդեն աշխարհի չեմպիոնի գոտու համար: Բայց այդ մենամարտով չեմ ավարտի, մի քանի անգամ կպաշտպանեմ գոտիս՝ համար 1 կամ 2 բռնցքամարտիկների հետ, ովքեր ցանկություն կունենան ինձնից խլել գոտին: Այդ ամենը կտեւի 1-1,5 տարի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարիք չկա, բայց ես արդեն ցանկանում եմ ավարտել կարիերաս:
Ես վերջին աշխարհի չեմպիոնն եմ եղել 2008 թվականին, անցել է 7 տարի եւ մինչ օրս բացարձակ չեմպիոն չի եղել ամբողջ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Չեմպիոնը չի ցանկանում չեմպիոնի հետ մենամարտել, եւ դա բռնցքամարտի ամենամեծ խնդիրն է:
Իսկ մարզական կարիերադ ավարտելուց հետո կշարունակե՞ս մնալ մեծ սպորտում որպես մարզիչ:
Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելուց բացի, նպատակ ունեմ նաեւ ԱՄՆ-ում բռնցքամարտի մեծ ակումբ բացել եւ աշխարհի հայերին համախմբեմ այդ ակումբում: Ես ինքս կընտրեմ բռնցքամարտիկներին, բայց ես չեմ մարզի նրանց: Ակումբը կունենա իր մարզիչները, ես միայն ուղղություն ցույց կտամ մարզիչներին, բայց ինքս մարզել չեմ ցանկանում: Մարզիչները կլինեն Հայաստանից, քանի որ այդտեղ լավ մարզիչներ շատ կան: Ես ապրում եմ Ավստրիալիայում, ԱՄՆ-ում չեմ բնակվելու: Ֆիզիկապես ժամանակ չեմ ունենա:
Հայկական բռնցքամարտի մասին ի՞նչ կասես, զարգացման ի՞նչ հեռանկարներ ես տեսնում:
Ես մի փոքր հեռու եմ հայկական բռնցքամարտից այժմ, չեմ կարող ոչինչ ասել, չգիտեմ Հայաստանում ինչ է կատարվում. մի փոքր հիասթափված եմ... Ես այդտեղ ունեմ զարմիկ՝ Արման Դարչինյանը, ով Հայաստանի առաջին համարն էր իր քաշային կարգում: Արմանը պատրաստվում էր մեկնել աշխարհի առաջնությանը, բայց նրան չտարան, չընդգրկեցին թիմի կազմում: Ես ավելի հիասթափվեցի եւ չեմ էլ ցանկանում իմանալ, թե այդտեղ ինչ է կատարվում: Արմանի տեղը աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ուրիշին տարավ, ով առաջին իսկ օրը նոկաուտով պարտվեց: Ես գիտեմ, որ Դավիթ Թորոսյանն է որոշում, թե ովքեր մեկնեն աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Արման Դարչինյանը շատ լավ արդյունք կարող էր ցույց տալ. նա լիարժեք պատրաստ էր պայքարի: Ես ինքս էի նրան մարզել՝ ֆիզիկական պատրաստվածության վրա, երբ Հայաստանում էի. մենք Ծաղկաձորում մարզումներ անցկացրեցինք, եւ նա կարող էր պայքարել: Դա անարդար ընտրություն էր, չի կարելի առաջ տանելով մարզաձեւ զարգացնել, այդպես երբեք Հայաստանում բռնցքամարտը չի զարգանա: Շատ եմ առաջարկել իմ օգնությունը՝ Հայաստանում բռնցքամարտը զարգացնելու համար, առաջարկել եմ գալ հայրենիք, պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնել, նույնիսկ ցանկացել եմ ԱՄՆ-ից մարզահագուստ, կաշվե ձեռնոցներ, մարզագույք, ամեն ինչ ուղարկել, բայց ոչ ոք ինձ ձեռք չբռնեց, չաջակցեց: Իմ ցանկությունն էլ կորեց Հայաստանի համար ինչ-որ բան անել: Արդեն հիասթափվել եմ, այլեւս ոչինչ չեմ անելու: Ես կարծում եմ՝ Արման Դարչինյանին աշխարհի առաջնությանը չտարան, քանի որ նա Վիկ Դարչինյանի բարեկամն է: Ես չեմ ցանկանում՝ նրան առաջ գցեն ինչ է որ իմ զարմիկն է, ես արդար եմ գնահատում նրա բարձր հնարավորությունները, բացի այդ էլ համար մեկն էր:
Բռնցքամարտի ֆեդերացիայի, Հայաստանի հավաքականի մարզիչների հետ խնդիրներ ունե՞ս:
Որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, ավելին՝ ունեմ լավ ընկերներ: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ մենք լավ ընկերներ ենք, նա հրաշալի մարդ է, բռնցքամարտի մեծ մասնագետ: Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ Հայաստանում:
Քո մարզիչը՝ Վազգեն Բադալյանը, բարձր արդյունքներ չգրանցելու պատճառով հեռացվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչի պաշտոնից, նրան փոխարինեց Կարեն Աղամալյանը: Դու ինչպե՞ս կբնութագրես Վազգեն Բադալյանին, որպես քո անձնական մարզիչ: Արդարացի ես համարո՞ւմ ֆեդերացիայի որոշումը:
Վազդեն Բադալյանը շատ լավ մարզիչ է: Նա ինձ 8 տարեկանից մարզել է եւ շատ հաղթանակներում նրա ներդրումը մեծ է: Երբ 2008-ին դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, նա իմ կողքին էր՝ ռինգում: Եվ մենք այդ հաղթանակին հասանք ոչ միայն լավ մարզումների շնորհիվ, այլեւ ռինգում նրա լավ խորհուրդներով: Նա շատ լավ մասնագետ է: Ես երբեւէ նրան չեմ ասել, բայց եթե Հայաստանը նրա նման մի քանի մարզիչներ ունենա, հայկական բռնցքամարտը շատ առաջ կգնա:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.