17:31 28 հոկտեմբերի, 2015Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի թաեքվոնդոիստ Հասան Հասանզադեն փրկել է նրա կյանքը: Աղբյուրի համաձայն՝ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարի ընդմիջմանը Աթանեսյանը որոշել է լողալ լողավազանում, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել է խեղդվել: Նշվում է, որ նրան նկատել է ադրբեջանցի թաեքվոնդոիստը, որն օգնության է հասել Դավիթ Աթանեսյանին:
Դավիթ, ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
Լողավազանում սիրտս կանգ առավ: Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը եւ ադրբեջանցի այդ տղան ինձ դուրս են բերել լողավազանից, իսկ հետո բժիշկներն ինձ տարան հիվանդանոց: Ես, իհարկե, շնորհակալություն հայտնել եմ նրանց եւ այդքանով սահմանափակվել ենք: Մենք մարզիկներ ենք, եւ յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել:
Ադրբեջանական կայքերը գրում են, որ դու ուշագնաց ես եղել ու քեզ խեղդվելուց են փրկել:
Ես չեմ խեղդվել, ուշագնաց չեմ եղել: Չեմ ցանկանում, որ այս թեմային այլեւս անդրադարձ լինի: Միջադեպ էր՝ անցավ, գնաց: Չեմ ցանկանում, որ այդ մասին զրույցներն ու հոդվածները շարունակվեն: Մարդիկ արել են մարդկային քայլ, որը յուրաքանաչյուրը կաներ: Բոլոր մարզիկներն էլ կարող են իրար օգտակար լինել ամեն տեղ: Բոլոր օգնություն ցուցաբերողներին շատ շնորհակալ եմ:
Հիմա ինչպե՞ս ես զգում:
Արդեն լավ եմ: Երկու օր առաջ ենք վերադարձել Հայաստան: Այնտեղ բուժզննում անցա, իսկ այստեղ դեռ չեմ հետազոտվել: Անպայման կգնամ բժշկի, ուղղակի այս պահին ինձ լավ եմ զգում եւ ցանկանում եմ հանգստանալ: Միայն կցանկանայի, որ այս թեմայով ինձ այլեւս ոչ ոք չանհանգստացներ: Ես հայտարարում եմ, որ չեմ ցանկանում այդ մասին խոսել եւ շարունակություն տալ այս թեմային:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Դավիթ Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.