Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր, Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը եւս ուրախացրին

09:02   27 հոկտեմբերի, 2015

Բոլորս շատ ուրախ ենք, քանի որ Արթուր Դավթյանը Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ուղեգիր: Մեզ հաճելիորեն ուրախացրին նաեւ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը, որոնք դուրս են եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 31-ին:

Այս մասին Գլազգոյից NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որի տղամարդկանց պայքարին Հայաստանը ներկայացել է 3 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգի թափեր) եւ Վահագն Դավթյան (օղակների վարժություն)։

Պարոն Սերոբյան, բազմամարտի մրցաշարի օլիմպիական ուղեգիրը Հայաստանի՞նն է:

Այո, Արթուր Դավթյանն այսօր մեզ բոլորիս շատ ուրախացրեց, նա ներդրեց բոլոր ուժերը, մի կողմ դրեց գլխապտույտներն ու բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել էին Հայաստանում, եւ հրաշալի կատարեց այն, ինչ իրենից պահանջվում էր՝ հավաքելով օլիմպիական վարկանիշ եւ Հայաստանի համար նվաճելով մեկ օլիմպիական ուղեգիր բազմամարտում: Արթուր Դավթյանը բազմամարտում հավաքեց 84,974 միավոր: Ինքս Արթուրից ավելի ցածր ցուցանիշ էի ակնկալում նրա շարունակվող գլխապտույտների պատճառով:

Բազմամարտի մրցմանը մասնակցում են 50-ից ավել երկրներ, որոնք առանց թիմի են հանդես գալիս: Այդ երկրների ներկայացուցիչների մեջ Արթուր Դավթյանը 84,974 միավոր արդյունքով նվաճեց օլիմպիական վարկանիշ ու ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Test Event-ի ուղեգիր: Նա Հայաստանի համար նվաճեց օլիմպիական ուղեգիր, որը դեռ անվանական իրենը չէ: Միայն Test Event-ում Արթուրը այդ ուղեգիրը կհաստատի եւ այն անվանական կլինի իրենը: Իսկ մինչեւ այդ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց այսքան խոչընդոտների հետ մեկտեղ նվաճել այդ բաղձալի ուղեգիրը: Այս կարգավիճակում, առողջական այս վիճակում, որ եկավ ու այսքան բարձր միավորներ հավաքեց Արթուր Դավթյանը, Test Event-ում նրա համար խնդիր չի լինի:

Մենք մինչեւ Արթուր Դավթյանի առողջական խնդիրները ցանկանում էինք նաեւ առանձին գործիքներից հենացատկում էլ օլիմպիական ուղեգրի համար պայքարել, բայց ռիսկի չդիմեցինք: Արթուրն ափսոսում է, որ չգնաց նաեւ հենացատկի, քանի որ կկարողանար եւս մեկ ուղեգիր պարգեւել Հայաստանի համար:

Որակավորման փուլում Հայաստանը նվաճեց նաեւ եզրափակիչի երկու ուղեգիր: Ի՞նչ հնարավորություններ ունեն Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը:

Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում հավաքեց 15,466 միավորով ու երկրորդ տեղի արդյունքով դուրս եկավ եզրափակիչ, որին մասնակցելու իրավունք են ստանում միայն 8 մարմնամարզիկները: Այսինքն՝ եզրափակիչ մտնելու համար մարզիկը պետք է հայտնվի լավագույն ութնյակում, իսկ Հարություն Մերդինյանը երկրորդն է այդտեղ: Չգիտենք, թե ինչ կլինի եզրափակիչում, շատ ուժեղ պայքար է գնում: Եզրափակիչ դուրս չեն եկել նույնիսկ օլիմպիական չեմպիոններն ու մրցանակակիրներ: Բայց Հարություն Մերդինյանը լավ հնարավորություններ ունի եզրափակիչում մրցանակային տեղ գրավելու համար:

Վահագն Դավթյանն օղակների վարժությունում հավաքեց 15.566 միավոր եւ որակավորման փուլն ավարտեց չորրորդ տեղով: Նա նույնպես նվաճեց եզրափակիչի ուղեգիր՝ հայտնելով լավագույն ութնյակում: Վահագն Դավթյանին նույնպես ուժեղ պայքար է սպասվում եզրափակիչում: Մեդալի համար պայքարելը հեշտ չի լինելու:

Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ հայ մարմնամարզիկները պարզապես հնարավորություն չունեն աշխարհի առաջնությունում առանձին գործիքներից պայքարել մեդալների եւ օլիմպիական ուղեգրերի համար: Հիմա է՞լ եք այդ կարծիքին:

Այո, այդպես եմ ասել, որովհետեւ իսկապես շատ դժվար է լինելու: Նախքան այստեղ գալը ես հույս հայտնեցի, որ մեր մարմնամարզիկներն առանձին գործիքների վարժություններում եզրափակիչ կարող են մտնել, բայց մեդալների համար պայքարելը նույնիսկ անհնար է, որովհետեւ աշխարհի առաջնությունում շատ բարդ է: Սա այնքան բարդ մարզաձեւ է, որ մի աննշան սայթաքում, մի վրիպում եւ կարող ես հայտնվել վերջին տեղերում: Ինչ վերաբերում է տղաների ցույց տված արդյունքներին, Հարությունի երկրորդ եւ Վահագնի չորրորդ տեղերին, միանշանակ կասեմ, որ ունեմ մեդալների հույս: Սակայն գիտեմ, որ շատ դժվար է լինելու: Ամեն ինչ պարզ կլինի հոկտեմբերի 31-ին կայանալիք եզրափակիչում:

Շատ ուրախ ենք, որ այսօր այս արդյունքներն ունեցանք: Իսկապես տղաները իմ սպասածից ավելին արեցին այսօր: Տղաները շատ լավ են, եթե մենք ուրախ ենք, նրանք կրկնակի ուրախ են: Արդեն հանգիստ եմ Արթուրի համար, որովհետեւ նրա առողջականի վերաբերյալ շատ էի մտածում ու անհնագստանում նրա մասնակցության համար: Նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է, որ ինքը Արթուր Դավթյանն է:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։