22-ամյա մարզիկը Գինեսի ռեկորդ է սահմանել Երեւանում

18:26   23 հոկտեմբերի, 2015

Ուղղահայաց դիրքում հենում ծալում վարժությունը 28 անգամ՝ 1 րոպեում: 22-ամյա մարզիկ Մանվել Մամոյանի ռեկորդը կգրանցվի Գինեսի գրքում:

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում հոկտեմբերի 23-ին ռեկորդը սահմանելուց հետո Մանվել Մամոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տպավորությունների մասին:

«Սա աշխարհի մասշտաբով դեռեւս չգրանցված ռեկորդ է: Ես իրականացրեցի իմ նպատակը, գրանցեցի ռեկորդը, նույնիսկ իմ նախատեսածից առավել եղավ: Մինչեւ այս լավագույն ցուցանիշը եղել է 20 անգամ: Ես նախատեսել էի 25 ձգում 1 րոպեում, բայց ստացվեց 28: Շատ գոհ եմ իմ ցույց տված արդյունքից եւ անհամբեր կսպաեմ Գինեսի գրքի հանձնաժողովի պատասխանին: Ակնկալում եմ դրական պատասխան, քանի որ իդեալական կատարեցի վարժությունը»,- ասաց Մանվել Մամոյանը:

Մարզիկն ազգությամբ եզդի է եւ ռեկորդը նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Առաջին ռեկորդը սահմանել եմ 17 տարեկանում՝ որովայնի մկանների վարժություն 2511 անգամ, ապա՝ 3511: Սա գրանցվեց որպես Հայաստանի ռեկորդ, բայց դա լիարժեք Գինեսի ռեկորդ էր: Ունեմ նաեւ դաստակի վրա մեկ ձեռքով հենում, ծալում վարժության ռեկորդ՝ 1 րոպեում 89 անգամ: Ինձ համար այս ռեկորդները մեծ նշանակություն ունեն, մասնավորապես, այս ռեկորդը, որը հույս ունեմ կգրանցի Գինեսի գրքում, քանի որ ես այս ռեկորդները նվիրում եմ հայերի եւ եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին: Ես ազգությամբ եզդի եմ եւ իմ նպատակն է սպորտի ու ռեկորդների միջոցով բարձրաձայնել եզդիների խնդիրների, մեր եւ հայ ազգի ցեղասպանության խնդրի մասին, որպեսզի այն ճանաչում գտնի, ընդունվի: Համոզված եմ, որ իմ այս փոքրիկ գործունեությամբ կաջակցեմ մեր ազգին ու մեր խնդիրներին»,- ավելացրեց ռեկորդակիրը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։