16:23 18 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակը» մոսկովյան դերբիում ընդունեց երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվին» եւ պարտվեց 1:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ ընդգրկվել էր «Սպարտակի» մեկնարկային կազմում: Նա գրեթե աննկատ էր առաջին խաղակեսում, բայց ունեցավ մեկ գոլային պահ, որն օգտագործել չհաջողվեց: «Լոկոմոտիվը» շատ ավելի լավ տեսք ուներ առաջին խաղակեսում եւ ընդմիջման գնաց հաշվի մեջ առջեւում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը խփեցին նաեւ երկրորդ գոլը: Քիչ անց վնասվածք ստացավ Յուրա Մովսիսյանը, որը չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ 56-րդ րոպեին նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը հաջող մտավ խաղի մեջ եւ ակտիվացրեց տանտերերի խաղն առջեւի գծում: Հենց Օզբիլիսի փոխանցումից հետո իտալացի պաշտպան Սալվադորե Բոկետին 77-րդ րոպեին կրճատեց հաշիվը: Դրանից 7 րոպե առաջ Արասը ստացել էր դեղին քարտ: Վերջնամասն անցավ շատ լարված պայքարում: Դմիտրի Ալենիչեւի թիմը մեծ ճնշում էր գործադրում հյուրերի դարպասի մոտ, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:
«Լոկոմոտիվը» երկրորդն է եւ 5 միավոր զիջում է առաջատար ԲԿՄԱ-ին, իսկ «Սպարտակը» մնաց չորրորդ տեղում: Մոսկովյան ակումբը երրորդ տեղում գտնվող «Զենիթին» զիջում է 2 միավոր, իսկ ԲԿՄԱ-ին՝ 12:
Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Սպարտակ» - «Լոկոմոտիվ»՝ 1:2
Սալվադորե Բոկետի, 77 – Ալեքսանդր Կոլոմեյցեւ, 9, Օմար Նյասե, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.