ՈւԵՖԱ-ի պատասխանը՝ Հայաստան - Ալբանիա խաղը հետաքննելու վերաբերյալ

15:45   14 հոկտեմբերի, 2015

ՈւԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի ֆուտբոլի Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղի վերաբերյալ։ Այդ մասին ՈւԵՖԱ-ն հայտնել է Vecernje Novosti-ին՝ պատասխանելով սերբական թերթի հարցմանը։

«ՈւԵՖԱ-ն մշտապես հետեւում է իր հովանու ներքո գտնվող բոլոր հավաքականների եւ ազգային առաջնությունների խաղերին։ Խոսքը վերաբերում է մեկ մրցաշրջանում մոտ 32․000 խաղերի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումների։ Եթե մենք նկատենք կասկածելի ու արտասովոր ինչ-որ բան, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն։ Դա վերաբերում է նաեւ այն խաղին, որի վերաբերյալ դուք հարցում եք կատարել մեզ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի՝ սերբական թերթին ուղարկված պատասխանում, գրում է inserbia.info-ն։

Ավելի վաղ ալբանական ու սերբական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հոկտեմբերի 11-ին կայացած Հայաստան – Ալբանիա հանդիպումը կասկածվում է պայմանավորված բնույթի լինելու մեջ։ Աղբյուրը նշում էր, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների 500 հազարական եվրո էին խոստացել այդ խաղում պարտվելու դիմաց:

Հիշեցնենք, որ երեւանյան խաղում ալբանացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։