20:21 10 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղի մասին:
«Երբ Ալբանիայի հավաքականը գլխավորելուց հետո ասացի, որ գնալու ենք Ֆրանսիա, ալբանացիներն ինձ խենթ համարեցին: Այժմ մենք ունեք Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու իրական շանսեր կամ նվազագույնը կմասնակցենք անցումային խաղերի:
Հայաստանի դեմ առաջին մրցավեճում ես տպավորված էի մրցակցի խաղով: Միշտ ասել եմ, որ Հայաստանի թիմի խաղը դուր է գալիս ինձ: Հատկապես հավանում եմ Հենրիխ Մխիթարյանին։ Բեռնար Շալանդին ասել էի այդ մասին:
Շատ եմ կարեւորում Եվրոպայի առաջնության պես մրցաշարերին մասնակցելը՝ հատկապես, երբ խոսքը Հայաստանի ու Ալբանիայի պես մեծ բնակչություն չունեցող երկրների մասին է: Հուսով ենք, որ մի օր Հայաստանի հավաքականն էլ կունենա նման մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորություն: Պորտուգալիայի եւ Սերբիայի դեմ խաղերում անհաջող հանդես եկանք վերջնամասում եւ այժմ կանգնել ենք խնդրի առջեւ: Հիմա կենտրոնացած ենք միայն Հայաստանի դեմ խաղի վրա եւ պետք է ուշադիր լինենք, որ դարձյալ գոլ բաց չթողնենք վերջին րոպեին:
Մեր թիմում աշխատանքային ու լավ մթնոլորտ է, թեեւ վերջին վայրկյաններին պարտվելն իր հետեւանքներն է ունենում: Վստահ չենք, որ միանշանակ հաղթելու ենք Հայաստանին, սակայն վստահ ենք մեր կարողություններին: Այս կյանքում կարելի է վստահ լինել միայն, որ մի օր այն աշխարհ ենք գնալու: Այժմ այս մրցափուլում մեր անցած ուղին կարեւոր չէ: Սա հրաշքի պես մի բան է մեզ համար եւ պետք է օգտվենք այդ շանսից»,- նշեց իտալացի մասնագետը:
Մարզիչի հետ ասուլիսին ներկա էր նաեւ Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան, որը նշեց հետեւյալը.
«Վաղը լինելու է մի խաղ, որում կփորձենք իրականացնել բոլոր ալբանացիների երազանքը»:
Հոկտեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: Ալբանիայում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1:2 հաշվով եւ հաղթանակ չունի Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրից առաջ:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.