01:51 18 օգոստոսի, 2015Բիլբաոյի «Աթլետիկը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթակիր՝ կրկնելով 1984-ի հաջողությունը: Սուպերգավաթի պատասխան խաղում բասկերը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր «Բարսելոնայի» հետ, որի նկատմամբ 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էին տարել Բիլբաոյում: Առաջին խաղի համեմատ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 6 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում: Կատալոնացիները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ մեկնարկային 10 րոպեներին ստեղծեցին 2-3 գոլային պահեր, որոնք արդյունավետ չէին: Տանտերերի առավելությունը հսկայական էր, սակայն արագ գոլ խփել չհաջողվեց: Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին, երբ աչքի ընկավ դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Ընդմիջումից հետո «Աթլետիկն» ավելի հաճախ էր գրոհում, իսկ 56-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն: Քանակական առավելություն ստացած բասկերը սկսեցին ավելի վստահ գործել, իսկ 74-րդ րոպեին խփեցին նաեւ պատասխան գոլը: Խաղի հաշիվը հավասարեցրեց իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել առաջին խաղում: Գրանցվեց 1:1 հաշիվը եւ նախորդ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր չդարձած ակումբը նվաճեց երկրի Սուպերգավաթը:
Բիլբաոյի «Աթլետիկը» նախորդ անգամ տիտղոս նվաճել էր 1984-ին:
Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)
Լիոնել Մեսի, 43 – Արից Ադուրիս, 74
Հեռացում՝ Ժերար Պիկե, 56 («Բարսելոնա») – Կիկե Սոլա, 86 («Աթլետիկ»)
«Բարսելոնա». Բրավո, Ալվես, Պիկե, Մասկերանո, Մաթյո, Բուսկետս, Ռակիտիչ (Սանդրո Ռամիրես, 68), Ինյեստա, Պեդրո (Մունի Էլ Հադադի, 68), Մեսի, Սուարես:
«Աթլետիկ». Իրաիսոս, Բովեդա, Դե Մարկոս, Լյապորտ, Բալենսիագա, Էչեյտա (Էլուստոնդո, 68), Գուրպեգի, Բենյաթ (Միկել Ռիկո, 84), Էրասո, Սուսաետա, Ադուրիս (Սոլա, 81):
























The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.