ՀԲՖ փոխնախագահ. Համահայկական խաղերը օգնում են Սփյուռքի բասկետբոլիստներին համալրել մեր հավաքականը

20:56   5 օգոստոսի, 2015

Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարերն ամենաթեժն են եւ հետաքրքիրը, խաղերն առանց վիճաբանությունների երբեք չեն անցնում։ Հայ հասարակությունը սիրով հետեւում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի թիմերի խաղերին, սակայն չեն հետաքրքրվում հայաստանյան թիմերով։ Համահայկական խաղերում հայաստանյան թիմերը շանսեր չունեն։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Համահայկական 6-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը։

Համահայկական 6-րդ խաղերի բասկետբելի տղամարդկանց մրցաշարերը անցնում են «Դինամո» մարզադահլիճում, Սլավոնական համալսարանի մարզադահլիճում, Պետական համալսարանի մարզասրահում, կանանց մրցաշարերը՝ «Գրանդ  սպորտի» եւ Խուլերի մշակույթի եւ սպորտի պալատի մարզադահլիճներում։

Պարոն Հարությունյան, քանի՞ թիմ է մասնակցում Համահայկական 6-րդ խաղերին, Հայաստանը քանի՞ թիմով է ներկայանում 6-րդ խաղերին։

Այս տարի թիմերի քանակը շատ է․39 տղաների, 15 աղջիկների թիմ  է մասնակցում այս Խաղերին՝ Լիբանանից, Կահիրեից, Սոչիից, Գլենդելից, Լոս-Անջելեսից, Մոսկվայից եւ այլ երկրներից։ Աշխարհագրությունը բավական մեծ է։ Հայաստանը մասնակցում է Գյումրիի, Արթիկի, Երեւանի թիմերով եւ Ղարաբաղի թիմով։ Մենք քիչ թիմերով ենք հանդես գալիս այս Խաղերին, քանի որ անտեղի թիմ ներկայացնելուն համաձայն չենք։  Ուժեղ թիմեր են եկել դրսից, հետաքրքիր ու դիտարժան խաղեր են անցնում։

Համահայկական խաղերում բասկետբոլի մրցաշարը ամենահետաքրքրիր եւ դիտարժան խաղերն է ապահովում։ Բասկետբոլում մրցակցությունն ամենաուժեղն է, ամենալարվածն ու հետաքրքիրը, պայքարը շատ թեժ է, կռիվներն անպակաս են։ Դեռ 2-3 օր է անցել խաղերի մեկնարկից, բայց արդեն բազմաթիվ վեճեր, կռիվներ են եղել։  Կռվարար թիմերը ամենաուժեղ թիմերն են։ Կահիրեի թիմը ամենակռվարար թիմն է. իրենք կռիվ են փնտրում, ամեն առիթ փնտրում են եւ ամեն ինչ անում, որ տարաձայնություն լինի։ Եվ միշտ է այդպես․ լավն այն է, որ բավարարվում են միմյանց հրելով, ավելիին չի հասնում։

Սովորաբար խաղերն անցնում են լի տրիբունաներով, դեռեւս այդքան էլ ակտիվ չեն բասկետբոլի սիրահարները, այդքան էլ ակտիվ չեն հետեւում խաղերին, քանի որ առաջին օրերն են։ Բայց հայերը սիրում են բասկետբոլ, միայն տեսնել է պետք, թե տրիբունաներում ինչ է կատարվում, երբ խաղում են ուժեղագույն թիմերը։ Կիսաեզրափակիչների եւ եզրափակիչներ խաղերի ժամանակ դահլիճն ուղղակի պայթում է։ Բասկետբոլի սիրահարներին հետաքրքրում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի թիմերի խաղերը , բայց ոչ ոք չի հարցնում Երեւանի թիմը որտե՞ղ է խաղում, ո՞ր ժամին։ Օրինակ՝ Երեւանի թիմն արդեն մի քանի հաղթանակ է գրանցել, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում։

Ի դեպ, Համահայկական 6-րդ խաղերում հայաստանյան թիմերն ի՞նչ հնարավորություններ  ունեն։

Հայաստանյան թիմերը հնարավորություններ չունեն։ Եթե Երեւանի թիմը կարողանա անցնի փլեյ-օֆֆ, գոհ կլինենք։ Գրեթե անհնար է, քանի որ Երեւանի թիմի անդամները մինչեւ 18 տարեկան պատանիներն են, ովքեր մեր ապագան են։ Մենք կարող էինք ավելի ուժեղ թիմերով հանդես գալ, բայց ֆեդերացիան նպատակահարմար գտավ, որ պատանիների համար սա լավագույն ստուգատեսը կլինի հետագայում ավելի լավ խաղալու համար։

Համահայկական խաղերը մեծ փորձ են բոլոր մարզաձեւերի այն մարզիկների համար, ովքեր համալրում են ազային հավաքականները։  Այն սփարինգները, որ տալիս են Համահայկական խաղերը, մենք Հայաստանում չենք կարողանում ոչ մի տեղ ստեղծել։ Իսկ դրա պաճառները շատ են՝ դահլիճ չունենք, գումար չունենք։

Համահայկական խաղերը որքանո՞վ են նպաստում Հայաստանում բասկետբոլի զարգացման։

Ասել, որ Համահայկական խաղերը նպաստում են Հայաստանում բասկետբոլի զարգացմանը, մի քիչ հեքիաթի նման կլինի։ Բայց  այս խաղերը օգնում են Հայաստանց  դուրս խաղացող լավ մարզիկների համալրել մեր հավաքականը։ Օրինակ՝ Մոսկվայի թիմում խաղացող երկու հայ երիտասարդ այժմ Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականում են հանդես գալիս։ Մենք նրանց տեսել ենք նախորդ Համահայկական խաղերում։ Այդ առումով Խաղերը օգնում են մեզ բացահայտել հայ տաղանդների, ովքեր բնակվում են հայրենիքից դուրս։

Մեր ֆեդերացիայի համար Համահայկական խաղերը լայն հնարավորություն են տալիս ծանոթանալ թիմերին, մարզիկների հնարավորություններին, արդյունքում ընտրում ենք լավագույններին եւ հնարավորություն տալիս նրանց դրսեւորվել Հայաստանի հավաքականներում։

Եթե համեմատենք հայաստանցի բասկետբոլիստներին դրսից եկած խաղացողների հետ, ի՞նչն է պակասում այստեղի մարզիկներին։

Եթե տեսնեք այն պայմանները, որոնցում մարզվում են մեր բասկետբոլիստները, կզարմանաք,  որ դեռ այսքան բասկետբոլիստներ ունենք, եթե  տեսնեք այն դահլիճը, որտեղ անցկացվում են Հայաստանի առաջնությունները, կզարմանաք, որ այդտեղ հնրավոր է նույնիսկ մրցումներ անցկացնել։ Մենք ունենք մրցակցության պակաս, դահլիճների պակաս, չենք անցկացնում ստուգողական հանդիպումներ, որովհետեւ չունենք գումար սփարիգների համար։ Չկան համապատասխան միջոցներ, որ մարզիկները գոնե գնան Վրաստան՝ ամենամոտիկ տեղը, եւ մարզվեն։ Իսկ ամեն օր նույն մարզիկների հետ խաղալը արդյունք չի տալիս։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։