Bleacher Report. Ի՞նչ սպասել Հենրիխ Մխիթարյանից նոր մրցաշրջանում

09:12   5 օգոստոսի, 2015

Bleacherreport-ը կանխատեսում է արել, թե ինչ կարելի է սպասել նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայից» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից գերմանական ակումբում:

«Մի քանի հարցերով է Դորտմունդի «Բորուսիան» մոտենում նոր մրցաշրջանին: Թոմաս Տուխելի առաջատարությունը թիմում դեռ միանշանակ չէ, Մարկո Ռոյսի վնասվածքները կարող են կրկնվել, Մատս Հումելսի եւ Իլկայ Գյունդոգանի չհեռանալը դեռ հստակ չէ:

Սակայն գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ որակի խաղ կցուցադրի Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի մոտ ամեն ինչ հարթ չի դասավորվում Գերմանիայում, սակայն Բունդեսլիգայում նրա երրորդ մրցաշրջանից առաջ կան բոլոր նախադրյալները, որոնք կարող են օգնել Մխիթարյանին դառնալ թիմի իսկական առաջատարը:

Հայ ֆուտբոլիստի առավելությունն այն է, որ նա կարող է հավասարապես արդյունավետ խաղալ հարձակման ամբողջ լայնությամբ: Նա կարող է խաղալ փլեյմեյքերի դիրքում եւ եզրերում: Գնդակ վերահսկելու հրաշալի տեխնիկան եւ խոչընդոտներ հաղթահարելու կարողությունը նրան թույլ են տալիս ելք գտնել բոլոր իրադրություններից:

Տուխելը կարող է հանգիստ լինել, նույնիսկ եթե Ռոյսը դարձյալ վնասվածք ստանա, Կագավան մարզավիճակի խնդիր ունենա կամ բացակայեն Գյունդոգանն ու Գոնսալո Կաստրոն: Մխիթարյանը կարող է պատվով լրացնել նրանցից յուրաքանչյուրի դիրքը: Թեեւ Մխիթարյանը ցածր արդյունավետությամբ խաղաց անցած մրցաշրջանում, սակայն նա թիմի առանցքային խաղացողներից մեկն էր:

Ռոյսի հետ կայծակնային հակագրոհ կազմակերպելու տեսանկյունից Մխիթարյանի հետ կարող է համեմատվել միայն Օբամեյանգը: Մխիթարյանին գնահատում են Դորտմունդում: «Բորուսիայի» այսօրվա կազմում ոչ ոք չի կարող լիարժեք փոխարինել նրան:

Ամեն ինչ հուշում է, որ հայ ֆուտբոլիստին սպասվում է բարձր մակարդակի մրցաշրջան: Տուխելի դավանած խաղային փիլիսոփայությունը հնարավորություն կտա Մխիթարյանին զարգանալ եւ կատարելագործվել: Տուխելը կարճ փոխանցումների եւ արագ ֆուտբոլի կողմնակից է: Մխիթարյանը կարող է անցկացնել Ռոյսին եւ Օբամեյանգին հավասար արդյունավետությամբ մրցաշրջան»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.