17:58 22 հուլիսի, 2015Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նախախաղային ասուլիսում խոսեց ղազախական «Կայրաթի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին եւ պատասխան խաղերի մասին:
«Մեր թիմում ամեն ինչ նորմալ է, հոգեբանական կամ այլ խնդիրներ չունենք: Առաջին խաղում իմ թիմը նվիրված ֆուտբոլ խաղաց, եւ հաշիվը կարող էր ավելի փոքր լինել: Ղազախստանում մրցակիցը գերազանցեց մեզ:
Ֆոֆանա Սեկուն մեր առաջատար պաշտպաններից է: Նրա դիրքն այնպիսին է, որ ճնշման պայմանաններում բոլորն էլ կարող են սխալվել:
Ասեմ, որ լինելու են փոփոխություններ եւ խաղալու ենք երկու հարձակվողներով: Կորցնելու ոչինչ չունենք: Պետք է իրատես լինել: «Ալաշկերտն» արդեն արել է առավելագույնը, եւ ամեն ինչ անելու է նաեւ վաղվա խաղում: Վաղվա խաղի ամենակարեւոր գործոնը կլինի ֆուտբոլիստների նվիրումն ու հաղթանակի մեծ ցանկությունը: Մեր թիմը պատրաստ է խաղին։ Մենք տրամադրված ենք մարտական եւ մոտիվացված ենք: Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար:
«Կայրաթն», իրոք, շատ ուժեղ էր, եւ դա դուք կտեսնեք վաղը: Կար որակ, որը գալիս է ակումբի հնարավորություններից: Տեսեք, թե ինչ ֆինանսական հնարավորություններ ունի «Կայրաթը» եւ ինչ հնարավորություններ՝ մենք: Ղազախները որոշակի առումով մեկ աստիճան բարձր էին «Սենտ Ջոնսթոնից»: «Կայրաթն» այսօր ունի Դոնեցկի «Շախտյորի» մակարդակի թիմ, բայց բոլոր ակումբների դեմ էլ կարելի է խաղալ: Ֆուտբոլում չկան մանրուքներ, եւ պատահական բաներ չեն լինում: Կա որակ, որից ամեն բան կախված է:
Եթե գոնե 10 տարուց ունենանք 5 միլիոնանոց բյուջեով ակումբ, դա մեծ հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Պետք է ամեն ինչին իրատեսորեն նայենք: Մեր ակումբային ֆուտբոլն այսօր շատ հետ է մնացել: Պետք է միջոցներ գտնել այդ խնդիրները լուծելու համար, այլապես առաջընթաց չի լինի:
Ղազախստան հասնելը եւս բարդ էր, եւ հոգնեցինք ճանապարհից, իսկ մրցակիցը կժամանկի չարտերային չվերթով: Ինչ վերաբերում է կորուստներին, ապա վնասվածք ունի Գեւորգ Կարապետյանը»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Ալմաթիում «Ալաշկերտը» պարտվել է 0։3 հաշվով: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 23-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին։
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.