12:16 17 հուլիսի, 2015Հենրիխ Մխիթարյանը ներկա է լինելու Ռոբերտ Շտիգլիցի հետ իմ մենամարտին: Ուրախ կլինեի հյուրերի շարքում տեսնել նաեւ «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիստներին: Ես հաճույք եմ ստանում իմ եւ Շտիգլիցի իրար հաջորդող ռեւանշ մենամարտերից: Կանեմ հնարավորը` դիտարժան մրցելույթ եւ գեղեցիկ հաղթանակ ցուցադրելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքի Gerry Weber արենայում տեղի կունենա Արթուր Աբրահամ- Ռոբերտ Շտիգլից մենամարտը:
Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը եւ աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ռինգում արդեն հանդիպում են չորրորդ: Նախկին եւ ներկա չեմպիոններն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի O2 World մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` խլելով Շտիգլիցից աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, Մագդեբուրգում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ Աբրահամը:
Արթուր, ինչպե՞ս ես տրամադրված մենամարտին:
Բոլոր մենամարտերին էլ լրջորեն եմ նախապատրաստվում: Ինչպես միշտ, մենամարտի գնալու եմ հաղթելու: Լավ մարզվել եմ, մարզիչս գոհ է իմ մարզավիճակից:
Փոլ Սմիթի հետ հաղթական մենամարտից հետո սպասվում էր, որ հաջորդ մրցակիցդ լինելու է Ֆելիքս Շտուրմը: Ինչպե՞ս որոշվեց, որ Ռոբերտ Շտիգլիցն է կրկին լինելու քո մրցակիցը:
Ռոբերտ Շտիգլիցը WBO չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է, ահա թե ինչու հենց նա պետք է լիներ իմ առաջիկա մրցակիցը: Մեր մենեջերները պայմանավորվածության հասան:
Արթուր, տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Շտիգլիցը չի հաշտվում այն մտքի հետ, որ աշխարհի չեմպիոնի գոտին քեզ է պատկանում, այդ պատճառով ռեւանշ մենամարտերը հաջորդում են միմյանց: Ի՞նչ ես կարծում, այս մենամարտով կավարտվի Շտիգլիցի պայքարը գոտու համար:
Ես հաճույք եմ ստանում մեր մենամարտերից, սակայն ամեն մի լավ բան էլ իր ավարտն ունի: Կարծում եմ, որ Հալեում ամեն ինչ կավարտվի Շտիգլիցի համար, ու ես կրկին կկարողանամ հաղթանակ տանել:
Երկու հաղթանակ, մեկ պարտություն Շտիգլիցի հետ մենամարտում: Ի՞նչ կանխատեսում եւ ակնկալիք ունես այս մենամարտից:
Միայն հաղթանակ, ուրիշ ոչինչ:
Դուք անցկացրել եք բաց մարզում Շտիգլիցի հետ: Ուսումնասիրե՞լ ես նրա տակտիկան: Փոփոխություններ նկատե՞լ ես:
Այո, նրա մարտավարությունն արդեն հիանալի գիտեմ:
Ռոբերտ Շտիգլիցը համոզված է, որ այս անգամ նրան կհաջողվի քեզանից խլել գոտին: Ի՞նչ հնարավորություններ ունի Ռոբերտ Շտիգլիցը:
Չունի նման հնարավորություն: Երբեք չեմ թերագնահատում Շտիգլիցին, եթե նա չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է, ուրեմն հաստատ ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն նրան հաղթելու հնարավորություն չեմ տա:
Արթուր, նշել ես, որ Ռոբերտ Շտիգլիցը մահացու հարված չունի: Քեզ կհաջողվի՞ նոկաուտով ավարտել մենամարտը, թե՞ ցանկություն ունես մինչեւ վերջին ռաունդը նրան ապացուցել, որ դու ես ուժեղը:
Հիմա դժվար է ասել, թե կոնկրետ ինչպես կհաղթեմ, ամեն դեպքում, կանեմ հնարավորը` դիտարժան մրցելույթ եւ գեղեցիկ հաղթանակ ցուցադրելու համար: Կարդարացնեմ իմ մարտարվեստի երկրպագուների, իմ մարզիչի, ընկերների, բարեկամների, սիրելիների սպասելիքները:
Այս մենամարտի համար նոր տակտիկա, մարտավարություն մշակե՞լ եք մարզչիդ հետ:
Այո, արդեն ամեն ինչ հստակ որոշված, նախանշված է:
Քո հնարավորությունները որքա՞ն կգնահատես:
Բարձր: Ես եմ հաղթելու:
Դուք արդեն ունեցել եք նաեւ հայացքների մենամարտ: Ի՞նչ կարդացիր Շտիգլիցի հայացքում:
Հաղթելու ցանկություն: Բայց դա դեռ քիչ է հաղթելու համար:
Եթե Շտիգլիցին հաջողվի այս անգամ առավելության հասնել, հնարավո՞ր է 5-րդ ռեւանշ մենամարտ կայանա, թե, այնուամենայնիվ, չորրորդ մենամարտը ձեր վերջին հանդիպումը կլինի ռինգում:
Շտիգլիցին չի հաջողվի առավելության հասնել իմ նկատմամբ: Հետոյի մասին կխոսենք հետո:
Արթուր, դու երկարաձգել ես պայմանագիրդ Sauerland event պրոմոուտերական ընկերության հետ, ըստ որի` հանդես ես գալու մինչեւ 37 տարեկան: Նշանակում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերադ կավարտես 37 տարեկանո՞ւմ:
Գուցե, ամեն դեպքում, դեռ կշարունակեմ, մի երկու տարի էլ կմենամարտեմ, հստակ ոչինչ ասել չեմ կարող, թե երբ կավարտեմ կարիերաս:
Արթուր, դու վերջերս հանդիպել ես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին, Հենրիխ Մխիթարյանին: Հնարավո՞ր է՝ Աբրահամ - Շտիգլից ռեւանշ մենամարտի հյուրերի մեջ լինեն նաեւ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, Հենրիխ Մխիթարյանը:
Այո, Հենրիխ Մխիթարյանը գալու է: Ուրախ կլինեմ Դորտմունդի «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիստներին տեսնել արենայում: Սակայն ինքս էլ գիտեմ, թե ինչ գրաֆիկով են աշխատում մարզիկները, որքան զբաղված են:
NEWS.sm Sport-ը մաղթում է քեզ հաջողություն եւ հաղթանակ:
Նմանապես հաջողություն NEWS.sm Sport-ին եւ իմ բոլոր երկրպագուներին: Դուք ինձ քաջալերում եք եւ ստիպում հաղթել:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.