22:09 30 հունիսի, 2015Սա ֆուտբոլ է, այլ ոչ թե պատվերով համերգ, որպեսզի 6 գոլ խփենք: Այս մասին հայտարարել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, ով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» նկատմամբ հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում պատմեց տպավորությունների մասին:
«Այսօր խաղադաշտում մեկ թիմ էր, եւ դա «Փյունիկն» էր: Լավ էինք խաղում եւ հաջողվեց առաջին րոպեներից պրեսինգի դիմել, ինչպես ծրագրել էինք: Որակ կար, թեեւ առաջին գոլն ուշ խփեցինք: Վստահ եմ, որ մրցակցի խաղադաշտում ավելի լավ ենք խաղալու: Դժվար է խաղալ 15 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմի դեմ: Նրանք ամբողջ թիմով մտել էին դարպասը, իսկ մեր առավելությունն ակնհայտ էր, սակայն պահերն իրացնել չստացվեց: Կկրկնեմ, որ այսօր խաղադաշտում մեկ թիմ էր: Ես նշել էի, որ լավ կլինի, եթե այս խաղում 80 տոկոսով վճռենք դիմակայության ելքը, սակայն սա ֆուտբոլ է, այլ ոչ թե պատվերով համերգ, որպեսզի 6 գոլ խփենք:
Դա ինձ չի վերաբերում՝ «Ֆոլգորեի» ֆուտբոլիստները ծխում են, թե՝ ոչ: Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են ծխում եւ խմում: Գլխավորն այն է, որ մենք հաղթել ենք եւ հաղթանակով ենք մեկնելու Սան Մարինո: Վստահ եմ՝ այնտեղ եւս հաղթելու ենք:
Սեզար Ռոմերոն ավելի ուշ էր միացել մեզ, այդ պատճառով որոշեցինք մեկնարկային րոպեներից նրան դուրս չբերել խաղադաշտ: Այս որակի խաղով մենք ավելի մեծ շանսեր կունենանք նորվեգական «Մոլդեի» դեմ դիմակայությունում»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնն առավելության հասավ 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Սան Մարինոյում: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեի» հետ:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.