Մահացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը

14:35   21 հունիսի, 2015

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւիկ Սերգոյի Հարությունյանը մահացել է:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ցավակցել է Լեւիկ Հարությունյանի ընտանիքին.

«Անխոս, չափազանց մեծ եւ նշանակալից է նրա ավանդն ու ներդրումը Հանրապետության լեռնադահուկային սպորտի զարգացման եւ պահպանման գործում: Լեւիկ Հարությունյանը հիրավի կարող էր «ուսուցիչ» կոչվել եւ այդպիսինն էր Հանրապետության տասնյակ մարզիչների եւ լեռնադահուկային մասնագետների համար: Նրանց կողքին էր, ոգեւորում եւ յուրաքանչյուր ձեռքբերումով հպարտանում էր: 

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հիմնադիրներից էր, ֆեդերացիայի անփոփոխ փոխնախագահ:

1986թ. Լեւիկ Հարությունյանը հիմնադրել էր Ծաղկաձորի լեռնադահուկային սպորտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը, որի տնօրենն էր մինչեւ օրս:
1970-ական թվականներին բազում անգամ ճանաչվել էր հանրապետության չեմպիոն:
1978թ. դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն` թիմային հաշվարկում:

1990թ. սկզբին Լեւիկ Հարությունյանն Ապարանում առաջինը ստեղծեց Լեռնադահուկային խմբեր` այնտեղ եւս խթանելով սպորտաձեւի տարածումը:

Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւիկ Հարությունյանը, ցավոք, այլեւս մեզ հետ չէ: Նրա մարզիկները բազմաթիվ անգամ հանրապետությունը ներկայացրել են աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում: 

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ցավում է Լեւիկ Հարությունյանի կորուստն ու խորապես կիսում նրա ընտանիքի վիշտը»,- նշված է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։