17:50 16 հունիսի, 2015Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի, մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի, թիմակից Արաս Օզբիլիսի եւ նպատակների մասին։
«Մենք մեծ խանդավառությամբ էինք սպասում ընտրական շրջափուլի մեկնարկին եւ լուրջ հույսեր ունեինք պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։ Ցավոք, կարեւորագույն հանդիպումներից առաջ մի շարք խաղացողների վնասվածքները լուրջ ազդեցություն ունեցան արդյունքների վրա։ Ցավոք, Հայաստանի հավաքականը չունի բարձրակարգ շատ ֆուտբլիստներ, եւ հիմնական կազմի յուրաքանչյուր խաղացողի կորուստը ցավալի է ազդում թիմի խաղի վրա։
Շնորհակալ եմ Շալանդին ամեն ինչի համար։ Նա բարեխիղճ եւ նվիրված կատարում էր իր աշխատանքը, բայց երբ չկա արդյունք, պատասխանատվությունը մարզիչինն է։ Մեղադրել նրան դժվար է։ Կրկնեմ, որ եթե չլինեին այդքան վնասվածքներ, ապա ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։
Սարգիս Հովսեփյանը հայկական ֆուտբոլի լեգենդն է։ Չեմ կասկածում, որ նրան սպասվում է փայլուն ապագա մարզիչի դերում։ Հայաստանի հավաքականի խաղացողները կանեն հնարավոր ամեն ինչ, որ նրա ղեկավարությամբ հասնեն հաջողության։ Խնդիր չեմ համարում այն, որ նա չունի մարզչական մեծ փորձ։ Խաղադաշտից դուրս մենք ընկերներ ենք Սարգիսի հետ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում աշխատանքի վրա։ Ոչ ոք ոչ մի արտոնություն չի ստանում։
Արաս Օզբիլիսը ուժեղագույն խաղացողներից մեկն է, ում հետ հանդես եմ եկել։ Նա անսովոր տաղանդ ունի։ Հոգեբանորեն շատ ամուր եւ կայուն տղա է։ Ես տեսել եմ, թե ինչի միջով է անցել նա անցած տարի, երբ ապաքինվում էր վնասվածքից։
Ցանկանում եմ Հայաստանի հավաքականի հետ հայտնվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է izvestia.ru-ն։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա (2:3) հանդիպումը եւ հետազոտման մեկնեց ԱՄՆ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.