Սպորտի նախարար. Մեր բոլոր ըմբիշներն էլ հաղթող են, քանի որ գտնվում են Բաքվում

17:28   15 հունիսի, 2015

Մեր բոլոր ըմբիշներն էլ հաղթող են, քանի որ այսօր գտնվում են Բաքվում եւ արել են ամեն ինչ հայրենիքի պատիվը բարձր պահելու համար: Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց վստահ եմ, որ հայ մարզիկներն իրենց մրցելույթներով եւ հաղթանակներով դեռ կուրախացնեն մեզ այս Խաղերի ընթացքում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների մրցելույթներին եւ Միհրան Հարությունյանի նվաճած արծաթե մեդալին։

Հիշեցնենք, որ Հայաստանի չորս մարզիկներ մասնակցեցին հունահռոմեական ըմբշամարտի մրցապայքարին։ Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ արծաթե մեդալ։ Հունիսի 16-ին հունահռոմեականները կվերադառնան Հայաստան։

Պարոն Ղազարյան, Ձեր գնահատականը՝ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների մրցելույթներին։

Բավականին լավ եմ գնահատում բոլոր գոտեմարտերը:

Հայաստանը բավարարվեց մեկ մեդալով՝ արծաթ։ Ինչպե՞ս կգնահատեք Միհրան Հարությունյանի ելույթը։

Չմեկնաբանելով Միհրանի եզրափակիչ գոտեմարտի մրցավարությունը, ուղղակի ցանկանում եմ շեշտել մեր մարզիկի արժանավայել պահվածքը այդ գոտեմարտի ընթացքում:

Եթե չլիներ մրցավարների միջամտությունը, կարո՞ղ էր Միհրան Հարությունյանը հասնել  ոսկե մեդալին։

Չեմ ցանկանում ամեն ինչ բարդել վատ մրցավարության վրա:

Ռոման Ամոյանը վնասվածք ստացավ, Կարապետ Չալյանին ու Մաքսիմ Մանուկյանին չահջողվեց հասնել մեդալներին։ Նրանց մրցելույթների մասին ի՞նչ կասեք։

Մեր բոլոր ըմբիշներն էլ հաղթող են, քանի որ այսօր գտնվում են Բաքվում եւ արել են ամեն ինչ հայրենիքի պատիվը բարձր պահելու համար:  

Առջեւում դեռ 21 մասնակից ունենք Բաքվի մրցահարթակում։ Ի՞նչ կմաղթեք մեր մյուս ներկայացուցիչներին։

Իհարկե հաղթանակ: Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց վստահ եմ, որ հայ մարզիկներն իրենց մրցելույթներով եւ հաղթանակներով դեռ կուրախացնեն մեզ այս Խաղերի ընթացքում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։