Միհրան Հարությունյան. Մեդալս նվիրում եմ Հայաստանին եւ իմ փոքրիկ Մոնիկային

02:31   15 հունիսի, 2015

Մեդալս նվիրում եմ Հայաստանին եւ իմ դստերը՝ փոքրիկ Մոնիկային: Երբ մենք մտնում էինք դահլիճ, հանդիսատեսն անմիջապես սուլում էր ու «ֆուու» գոռում: Բայց ես ժպիտով մտնում էի դահլիճ եւ ժպիտով դուրս գալիս: Իմ նվաճած մեդալի համար չեմ այդքան ուրախ, որքան իմ երկրի՝ Հայաստանի համար, որ մենք այստեղ ենք, այս հողում, կռվի ենք դուրս եկել, հաղթանակ գրանցել, կա արդյունք այդ կռվի, կա մեդալ, քայլ է արվել, ապացուցվել է բոլորիս կողմից, որ մենք՝ հայերս ուժեղ ենք, մենք կռվող ենք, մենք անվախ ենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաքվում ընթացող Եվրոոպական առաջին մարզական Խաղերում հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր, Հայաստանի առաջին մեդալը նվաճած Միհրան Հարությունյանը:

Միհրան, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպական առաջին մարզական խաղերում արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ: Դու դեռեւս միակ հայ մարզիկն ես, ում հաջողվեց Բաքվում մեդալ նվաճել: Ի՞նչ զգացողություններ են այժմ քեզ պատում:

Շնորհակալ եմ: Արդեն շատ լավ եմ ինձ զգում, այս պահին՝ արդեն մի քիչ թեթեւացած: Բաքվում նվաճած մեդալն ինձ համար շատ կարեւոր էր, մեծ քայլ իմ մարզական կարիերայում: Ես այս մրցանակին հասնելու համար երկար ու բարդ ճանապարհ էի անցել: Այստեղ շատ ուժեղ մրցակցություն էր, մեծ պայքար էր ուժեղագույնը դառնալու համար: Այստեղ շատ ուժեղ ըմբիշներ էին մասնակցում եւ համառ պայքար մղում մեդալ նվաճելու համար: Բաքվի գորգում պայքարում էին աշխարհի չեմպիոններ, օլիմպիական մեդալակիրներ: Իսկապես շատ բարդ էր, հնարավորինս պայքարեցի: Իհարկե, կուզենայի ոսկե մեդալ նվաճել, բայց չստացվեց, եւ արժանացա արծաթե մեդալին միայն:

Իսկ ի՞նչը խանգարեց հասնել ոսկե մեդալին:

Կարծում եմ՝ գոտեմարտը բոլորն են տեսել եւ նույնիսկ մեկնաբանության կարիք չկա, թե ինչու ինձ չհասավ ոսկե մեդալը, թե ինչու հավասար պայքարում ես բավարարվեցի միայն արծաթե մեդալով: Միանշանակ կար մրցավարական կողմնակալություն, բայց ես չեմ ցանկանում ամբողջ մեղքը դնել մրցավարների վրա: Բնական է, որ իմ անցկացրած գոտեմարտում կային նաեւ սխալներ, որոնք ես թույլ տվեցի: Պետք է դեռ աշխատեմ, ավելացնեմ տեմպս, կանգնած դիրքում պայքարս ավելի հզորացնեմ: Ես ամբողջ գոտեմարտի ընթացքում սպասում էի պարտերային հնարքին, բայց այդպես էլ պարտեր չեղավ: Իսկ եթե լիներ, ես վստահ եմ, որ այդ հնարքով կկարողանայի այս գոտեմարտն ավարտել առավելությամբ եւ ոսկե մեդալով: Իսկ քանի որ պարտեր չեղավ, ես գտնում եմ, որ կանգնած դիրքում ես պետք է ուժերս ավելացնեմ, հզորացնեմ:

Բայց ես մրցակցիս չէի զիջում, հավասար պայքար էր գնում, սակայն նաեւ անձնական սխալներս ու թերություններս չեմ թաքցնի: Ես գտնում եմ, որ ես ինչ-որ տեղ սխալվեցի, սխալ հաշվարկ արեցի: Իսկ այս ամենի հետ մեկտեղ էլ մեծ աշխատանք տարվեց նաեւ մրցավարների կողմից, որպեսզի հնարավորինս ինձ հեռացնեն ոսկե մեդալից:

Փաստորեն, մրցավարական կողմնապահություն տեղի ունեցավ:

Այո, տեղի ունեցավ: Բայց նորից եմ ասում՝ չեմ ցանկանում իմ ոսկե մեդալին չհասնելու մեղքը դնել միայն մրցավարների վրա: Բայց որ իմ նկատմամբ կար մրցավարական կողմնապահություն, դա հաստատ է, ակնհայտ էր ու պարզ:

Եվրոպական խաղերում քո անցկացրած գոտեմարտերից ո՞րը կառանձնացնես, ո՞րն էր քեզ համար ավելի հաղթական ու հպարտության արժանի գոտեմարտ:

Այսօրվա իմ գոտեմարտերից կառանձնացնեմ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ պայքարը: Նա իմ վաղեմի եւ շատ լավ ընկերն է: Նրա հետ գոտեմարտը շատ դժվար ստացվեց, քանի որ մի փոքր անհարմար էր նրա հետ պայքարի մտնելը, մրցել ինչպես հակառակորդի հետ կմրցես: Բայց ամենատպավորված գոտեմարտը Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիեւի հետ պայքարն էր: Այս գոտեմարտից հետո իսկապես հաղթանակի զգացողություն ունեի, հպարտ էի զգում ինձ, որ այս գոտեմարտում նրան տապալեցի ու իմ երկրի, իմ հայրենիքի պատիվը բարձր պահեցի իրենց իսկ երկրում:

Այժմ ուզում եմ տուն գնալ: Վերադառնալ տուն եւ գրկել աղջկաս՝ Մոնիկային:

Ուրախությունդ լիարժե՞ք է:

Եթե անկեղծ, ես իմ նվաճած մեդալի համար չեմ այդքան ուրախ, որքան իմ երկրի համար, որ մենք այստեղ ենք, այս հողում, կռվի ենք դուրս եկել, հաղթանակ գրանցել, կա արդյունք այդ կռվի, կա մեդալ, քայլ է արվել, ապացուցվել է բոլորիս կողմից, որ մենք՝ հայերս ուժեղ ենք, մենք կռվող ենք, մենք անվախ ենք: Ու այս գիտակցումով ուրախությունս լիարժեք է: Նաեւ ուրախ եմ, որ մենք մեր թիմով կարողացանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, հույսերը, մեր այս քայլով ուրախացնել մեր ղեկավարությանը, մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր մեզ հավատում էին, ցավում էին մեզ համար, գոտեպնդում էին, անհանգստանում: Ես չեմ ցանկանում անհամեստ թվալ, բայց այն, ինչ այսօր մենք մեր թիմով կարողացանք անել Բաքվում, վատ չստացվեց:

Ինքս ինձանից նույնպես գոհ եմ, ես նույնպես արդարացրեցի իմ սպասելիքները: Վատ չստացվեց, մինչեւ եզրափակիչ փուլ ես չորս հաղթական գոտեմարտ անցկացրեցի, չորսում էլ լավ հանդես եկա, լավ էի նախապատրաստվել: Ընհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, չհաշված մրցման դահլիճի հանդիսատեսի վատ ընդունելությունը, սուլոցներն ու հայհոյանքները մեր հասցեին:

Իսկ հոգեբանական ճնշումը մե՞ծ էր տրիբունաներից:

Շատ: Այսօր շատ էին փորձում հոգեբանորեն ճնշել հայ մարզիկներին: Ես իմ գոտեմարտերի ընթացքում լսում եւ տեսնում էի թե ինչպես է դահլիճն ընդունում ինձ, բացասական էներգիա էր գալիս հանդիսատեսից: Ես այսօր կարողացա հաղթահարել նաեւ իմ հոգեբանությունը, որպեսզի չազդվեմ այդ բացասական վերաբերմունքից: Ես ամեն գնով փորձում էի չնկատել այս սուլոցները, մարդկանց վատ ընդունելությունը: Մի տեսակ նաեւ ես ինքս ինձ փորձեցի Բաքվի մրցագորգում, իմ հոգեբանությունը փորձեցի եւ կարողացա անցնել այս փուլը:

Երբ մենք մտնում էինք դահլիճ, հանդիսատեսն անմիջապես սուլում էր ու «ֆուու» բղավում: Բայց ես ժպիտով մտնում էի դահլիճ եւ ժպիտով դուրս գալիս, ինչն ավելի մեծ ցասում էր առաջացնում հանդիսատեսի մոտ եւ ավելի բարձր էին սուլում:

Իսկ ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտին ինչպե՞ս արձագանքեցին:

Ալիեւի հետ գոտեմարտի ժամանակ դահլիճն ինձ բացարձակ դեմ էր, նրանք ամեն ինչ փորձում էին անել, որ խանգարեին, որ ես հոգեբանորեն ինձ վատ զգայի: Հատկապես գոտեմարտի վերջում, երբ իմ ձեռքը բարձրացրին, դահլիճը շոկի մեջ էր, որ իրենց մարզիկն այդպես պարտվեց: Դժգոհության ձայներ էին լսվում, նույնսիկ ծափեր չեղան, երբ հաղթողին հայտնեցին:

Միհրան, ո՞ւմ ես նվիրում մեդալդ:

Հայաստանին: Սա ինձ համար շատ կարեւոր մեդալ էր: Եվ այս մեդալի համար ես շնորհակալություն եմ հայտնում իմ անձնական մարզիչներին՝ Ռուբեն Թաթուլյանին, Սամվել Գեւորգյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ինձ հավատալու համար, Հրաչյա Ռոստոմյանին,  Էդիկ Սահակյանին, Կարեն Գիլոյանին, մեր հավաքականի մարզիկներին, ովքեր ինձ օգնեցին նախապատրաստվել այս Խաղերին, բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում էին եւ ցավում ինձ համար:

Բայց բոլորից առաջ ես իմ այս հաղթանակի եւ իմ բոլոր նախկին ու հետագա հաղթանակների համար շնորհակալ եմ իմ փոքրիկ դստերը՝ Մոնիկային: Բարեւում եմ ու այս մեդալը նվիրում նաեւ իրեն, քանի որ նա է ինձ ոգեշնչում ու պայքարելու ուժ տալիս:

Լուսինե Շահբազյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։