22:34 13 հունիսի, 2015Արթուր Եդիգարյանի բացակայությունը կորուստ չէ մեզ համար, քանի որ կենտրոնում լավ խաղացինք: Եթե տեսնեի, որ Եդիգարյանի կարիքը կա ազգային հավաքականում, ես կհրավիրեի նրան, քանի որ մեր թիմի թշնամին չեմ:
Այդ մասին Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից 2:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը, ով պարտությամբ սկսեց նոր աշխատանքը:
«Կար մեծ նվիրում եւ որակ, ինչն ամենակարեւորն է եւ պարտադիր: Երեւի, չհերիքեց ուշադրությունը եւ զգոնությունը: Այսպիսի աստղերի դեմ խաղալիս դա պարտադիր է: Պորտուգալիայի հավաքականը միանգամից օգտվեց, երբ կորցրեցինք զգոնությունը: Խաղի որակից գոհ եմ, իսկ արդյունքից՝ ոչ: Խաղակեսերի միջեւ տարբերությունն այն էր, որ պորտուգալացիները գոլից հետո սկսեցին պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Մեզ հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն մրցակիցը լավ էր պաշտպանվում եւ կատարեց գրագետ փոփոխություններ: Տղաների նվիրվածությունը բավական չեղավ: Սա ֆուտբոլ է, եւ այսպես եւս լինում է:
Երբ պատրաստվում ենք խաղին, բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակները քննարկում ենք: Երբ պարտվում ես, պետք է խաղալ առաջին համարով եւ տղաներն անմիջապես հասկացան դա խաղադաշտում: Տղաները շատ էին ցանկանում, սակայն չստացվեց, քանի որ Պորտուգալիան ուժեղ հավաքական է: Փորձում էինք միջին գծում դիմավորել մրցակցին, որպեսզի խլեինք գնդակը եւ անցնեինք արագ հակագրոհի: Եթե 3 գոլ ենք բաց թողել, ապա պաշտպանությունում, երեւի, ինչ-որ բան չստացվեց:
Վախենում էի Արաս Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերել մեկնարկից: Հասկանալի է, որ նա երկար ժամանակ էր բացակայում եւ դեռ մարզավիճակ է հավաքում: Ցանկանում էինք Արասին խաղադաշտ դուրս բերել մրցակցի հոգնած ֆոնի վրա:
Երբ թիմը հաղթում է, ապա կարող է մտածել պաշտպանվելու մասին: Դա նորմալ եմ համարում: Ֆուտբոլիստները դա իրենք են հասկանում, եւ ամեն ինչ չէ, որ պետք է հուշել նրանց: Աջ եզրից գոհ եմ, քանի որ մրցակիցը վտանգավոր պահեր էր ստեղծում: Կար սրություն, բայց համոզված էի, որ Հրայր Մկոյանն ու Կամո Հովհաննիսյանը լավ կխաղան:
Մինչեւ վնասվածքը Կառլեն Մկրտչյանը լավ էր խաղում: Ռումյան Հովսեփյանը եւս հոյակապ մտավ խաղի մեջ: Նրանից շատ գոհ եմ: Հովսեփյանը շատ լավ կատարեց իր աշխատանքը: Կառլենը եւս կարող էր ավելի լավ խաղալ: Արթուր Եդիգարյանի բացակայությունը կորուստ չէ մեզ համար, քանի որ կենտրոնում լավ խաղացինք: Եթե տեսնեի, որ Եդիգարյանի կարիքը կա ազգային հավաքականում, ես կհրավիրեի նրան, քանի որ մեր թիմի թշնամին չեմ:
Հենց այնպես չստեղծեցինք սուր պահեր: Պորտուգալացիների պաշտպանությունը երբեմն չեր հասցնում: Հենրիխ Մխիթարյանի խաղից շատ գոհ եմ: Ուրախ եմ, որ մեր հավաքականում կա այդպիսի ֆուտբոլիստ:
Անհատական խաղի ժամանակները վաղուց անցել են: Պարզապես տղաներին ասել էինք, որ պետք է 2 խաղացողով հսկել Ռոնալդուին: Երրորդ գոլի դրվագում էլ Կրիշտիանուն հսկողության տակ էր, սակայն մեր բախտը չբերեց, քանի որ Գաել Անդոնյանը սայթաքեց եւ Արզումանյանը մենակ մնաց Ռոնալդուի դեմ: Նա մեծ աստղ է, եւ կարող է ոչ լիարժեք գոլային պահը վերածել գոլի»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիների բոլոր գոլերը խփեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հյուրերը հաղթեցին 3:2 հաշվով:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.