Հակոբ Աբրահամյան. Ռիո-2016-ի ծախսերը բյուջե են մտցրել, տալու են հաջորդ տարի, իսկ մեզ պետք է 2015-ին

17:20   9 հունիսի, 2015

Առջեւում Ռիո-2016-ի Պարալիմպիկ խաղերն են եւ նպատակ ունենք երեք մարզաձեւերում մասնակից ունենալ: Բայց մեր մարզիկներն այսօր մարզվելու համար պայմաններ չունեն, դահլիճներ չկան, բոլոր դահլիճները մենք վարձակալում ենք: Այսօր ոչ ոք չի պատրաստվում մեզ անվճար դահլիճ տրամադրել: Բացի այդ Ռիո-2016-ին նախապատրաստվելու համար մեզ գումարներ են հարկավոր, պետական բյուջեից հատկացվող գումարը այս տարի չեն տալիս, ասում են՝ հաջորդ տարի կտանք: Բայց մեզ այս տարի է հարկավոր այդ գումարները: Հանրապետական մարզական փառատոնն անցկացնում ենք, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը սեւեռենք մեր խնդիրների վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ եւ Հայաստանի սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 9-ին Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող մարդկանց հանրապետական մարզական փառատոնը, որն անցկացվում է արդեն 13-րդ անգամ:

«Փառատոնը տարվա ընթացքում մեր միակ  մարզական միջոցառումն է: Մասնակցում են շուրջ 130 մարզիկներ՝ Երեւանից եւ Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Շիրակի եւ Տավուշի մարզերից: Հաշմանդամային սպորտի փառատոնը կազմակերպում ենք ամեն տարի, որպեսզի հաշմանդամ մարզիկներից ընտրենք լավագույններին: Մրցում են լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ, թենիս եւ շոուդաուն (սեղանի հոկեյի եւ թենիսի համադրում կույրերի համար) մարզաձեւերում: Շոուդաունն առաջին անգամ է ընդգրկվել փառատոնի մարզաձեւերի շարքում եւ կարող է մասնակցել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդ` կապած աչքերով:

Մրցումները, որը մենք անվանում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հանրապետական մարզական փառատոն, պրոֆեսիոնալ մարզական չեն: Այս փառատոնի միջոցով փորձում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց ոգեւորել, որպեսզի զբաղվեն սպորտով, փառատոնի միջոցով նաեւ ծանոթանում ենք մեր ռեսուրսներին՝ հանրապետության մասշտաբով: Ամեն տարի հայտնաբերում ենք մարդկանց, որոնք այս կամ այն հրավարությունն ունեն տարբեր մարզաձեւերում, օգնում ենք, որպեսզի այդ կոնկրետ մարզաձեւում առաջ գնան:

Վերջերս մենք գտնվում էինք հարեւան Իրանում եւ այնտեղ մեր աչքով տեսանք, թե ինչպիսի զարգացում է ապրում սպորտն ընդհանրապես եւ հաշմանդամների համար սպորտը՝ մասնավորապես: Իսկապես նախանձելի զարգացումներ են ընթանում: Պետք է փորձենք մեր պատկան մարմինների ուշադրությունը սեւեռել այս խնդրի վրա: Որովհետեւ երեք օր մարզական միջոցառում ամբողջ տարվա մեջ, լավ չէ: Կան տղաներ եւ աղջիկներ, ովքեր լավ մարզական տվյալներ ունեն եւ կարող են պատվով Հայաստանը ներկայացնել տարբեր միջազգային մրցասպարեզներում, տարբեր մարզաձեւերում»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ փառատոնն անցկացվում է պետական աջակցության միջոցներով:

«Հաշմանդամային սպորտը զարգացնելու համար գումարներ են հարկավոր, միջոցներ: Մենք չունենք այդ միջոցները: Պետությունն ամեն տարի 3 միլիոն դրամ է հատկացնում այս փառատոնն անցկացնելու համար: Միջոցները չեն բավականցնում, որ առաջընթաց ունենան մեր մարզիկները, իսկ դրա համար մեզ միջոցներ են հարկավոր: Օրինակ՝ այս պահին տասը մարզաձեւերից, աշխարհի տարբեր ծայրերից հրավերներ ունենք, որ չգիտենք՝ ինչ ենք անելու, ինչպես ենք մասնակցելու: Բոլորը շատ կարեոր են, Հայաստանի համար են կարեւոր, իսկ դրանց մի մասը վերաբերում է Ռիո-2016 Պարալիմպիկ խաղերին, իսկ մեզ ամեն տարի ասում են, որ դուք 3 միլիոն դրամ ունեք ընդամենը»,- նկատեց Հակոբ Աբրահամյանը:

Հարցին, թե քանի մարզիկով Հայաստանը մասնակցություն կունենա Ռիո-2016-ի Պարալիմպիկ Խաղերին, Հակոբ Աբրահամյանը նշեց.

«Ռիո-2016-ին կմասնակցենք 3 մարզիկով՝ երեք մարզաձեւերում: Մենք մշտապես մասնակցում ենք Պարալիմիկ խաղերին: Չնայած մարզվելու պայմաններ չունենալուն, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատշաճ մասնակցություն ունենանք: Օրինակ՝ անցյալ տարի մասնակցեինք մեր հերթական 10-րդ  պարալիմպիկ խաղերին՝ Սոչիում: Պատրաստվում ենք մասնակցել նաեւ Ռիո-2016-ին եւ դեռեւս ծրագրում ենք երեք մարզաձեւերում երեք մարզիկներով մասնակցենք: Բայց այստեղ նույնպես ունենք ֆինանսական խնդիրներ, որոնք հույս ունեմ, որ կլուծենք:

Հուսամ, որ այս տարի մեզ նույնը չեն ասի՝ թե ունենք ընդամենը 3 միլիոն դրամ: Հաշվի կառնեն, որ օլիմպիական տարի է: Իմ տեղեկութուններով Ռիո-2016-ի ծախսերը պետական բյուջե են մտցրել, բայց ցավալին այն է, որ այդ գումարները մեզ հիմա են պետք, որպեսզի կարողանանք ապահովել հաջորդ տարվա մեր մարզիկների մասնակցությունը: Իսկ մեզ ասում են, որ հաջորդ տարի են տալու այդ գումարները:

Մեր մարզիկների մարզվելու հնարավորությունը կախված է նորից ֆինանսական միջոցներից: Երեւան քաղաքում մեր մոնիթորինգը պարզել է, որ որեւէ դահլիճ, մարզադահլիճ հարմար չի, հարմարեցված չի մեր մարզիկների մարզումների համար: Իսկ հարմար մարզադպրոցները պետք է մատչելի դարձնեն եւ անհրաժեշտ գումար հատկացնել, որպեսզի շարժվելու դժվարություններ ունեցող մարդիկ կարողանան սպորտով զբաղվել, ինչը որ ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է:

Օրինակ Բասկետբոլի թիմը մարզվում էր «Միկա» մարզադահլիճում, եւ «Միկայի» հայտնի դեպքերից հետո տեղափոխվեցինք Կարմիր խաչի դահլիճ: Մենք ամեն տեղ վարձում ենք դահլիճները, որեւէ մեկը չի պատրաստվում մեզ անվճար դահլիճ տրամադրել»,- հաշմադամային սպորտի խնդիրների մասին մանրամասնեց Հակոբ Աբրահամյանը:

Փառատոնի 2-րդ օրը մարզական միջոցառումներին զուգահեռ, ժամը 12:00-ին կմեկնարկի «Հաշմանդամային սպորտը եւ զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս, որին կմասնակցեն հաշմանդամային սպորտին առնչվող պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ։

Փակման արարողությունը եւ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 11-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։