19:21 23 մայիսի, 2015Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Գերմանիայի 52-րդ առաջնությունը եւ, 46 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:
Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին եւ 42-րդ րոպեին խփեց տանտերերի երրորդ գոլը: Դա Մխիթարյանի երրորդ գոլն էր Գերմանիայի ավարտած առաջնությունում, որում նա անցկացրեց 28 խաղ:
Չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Մյունխենի «Բավարիայի» պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ երկրորդ տեղը գրաված «Վոլֆսբուրգն» ու լավագույն եռյակը եզրափակած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: Լեւերկուզենի «Բայերը» չորրորդն է եւ ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Լավագույն հնգյակը եզրափակած «Աուգսբուրգը» 6-րդ տեղում հայտնված Գելզենկիրխենի «Շալկեի» պես կխաղա Եվրոպայի լիգայում:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տեղը եվրագավաթային չէ, սակայն «Բորուսիան» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց, քանի որ դուրս է եկել Գերմանիայի Գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած «Վոլֆսբուրգի» հետ: Գերմանիայի գավաթակիրը եւս արժանանում է Եվրոպայի լիգայի ուղեգրի: Առաջին շրջանից հետո դորտմունդցիները վերջին տեղում էին, սակայն կարողացան շտկել իրավիճակը: Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Բորուսիայում»:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի հարձակվող Ալեքսանդր Մայերը, ով դարձել է 19 գոլի հեղինակ եւ 2 գնդակով գերազանցեց նախորդ տարվա լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա»):
Բունդեսլիգան լքեցին «Պադերբորնը» եւ «Ֆրայբուրգը», իսկ «Համբուրգը» վերջին տուրի արդյունքում հեռացավ վտանգավոր գոտուց, սակայն անցումային խաղեր է անցկացնելու Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ թիմի հետ: «Համբուրգը» շարունակում է մնալ միակ ակումբը, որը երբեք դուրս չի մնացել Բունդեսլիգայից:
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2
Շինջի Կագավա, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, Հենրիխ Մխիթարյան, 42 – Լեւին Օզտունալի, 26, Թեոդոր Գաբրե Սելասիե, 85
«Բավարիա» - «Մայնց»՝ 2:0
Ռոբերտ Լեւանդովսկի, 25 (11մ), Բաստիան Շվայնշտայգեր, 48
«Քյոլն» - «Վոլֆսբուրգ»՝ 2:2
Յույա Օսակո, 3, Ռոբին Կնոխե, 61 (ինքնագոլ) – Լուիս Գուստավո, 8, Իվան Պերիշիչ, 15
«Բորուսիա Մ.» - «Աուգսբուրգ»՝ 1:3
Ռաֆայել, 36 – Պյեր-Էմիլ Հոյբերգ, 72, Թիմ Մատավց, 77, Սաշա Մյոլդերս, 90+5
Հեռացում՝ Հովարդ Նորթվեյթ, 61 («Բորուսիա»)
«Այնտրախտ Ֆ.» - «Բայեր»՝ 2:1
Հարիս Սեֆերովիչ, 4, Ալեքսանդր Մադլունգ, 39 – Քարիմ Բելարաբի, 6
«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 2:0
Հիրոշի Կիյոտակե, 3, Պավել Կրմաշ, 84 (ինքնագոլ)
«Հոֆենհայմ» - «Հերտա»՝ 2:1
Անտոնի Մոդեստ, 8, Ռոբերտո Ֆիրմինո, 80 – Ռոյ Բերենս, 72
«Պադերբորն» - «Շտուտգարտ»՝ 1:2
Մարկ Վուչինովիչ, 4 – Դանիել Դիվադի, 36, Դանիել Գինչկ, 36
«Համբուրգ» - «Շալկե»՝ 2:0
Իվիցա Օլիչ, 49, Սլոբոդան Ռայկովիչ, 58
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.