17:40 14 մայիսի, 2015Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում ձյուդո մարզաձեւում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ: Մենք գնալու ենք մեդալի հետեւից: Մեզ համար կարեւոր չէ՝ Խաղերը Բաքվում են, Փարիզում, թե Ստամբուլում
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:
Պարոն Բաբայան, արդեն հայտնի են Բաքու մեկնող ձյուդոիստները: Ի՞նչ կարգով եք ընտրել մարզիկներին:
Բաքու կմեկնեն Հովհաննես Դավթյանը (60կգ), Դավիթ Նիկողոսյանը (73կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (52կգ): Նրանք ընտրվել են ֆեդերացիայի մարզչական խորհրդի, անձնական մարզիչների եւ ծնողների համատեղ որոշումով:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն ավելի վաղ խոսում էր հինգ մարզիկների մասնակցության մասին: Ովքե՞ր էին մյուս երկու ձյուդոիստները եւ ինչո՞ւ նրանք դուրս մնացին կազմից:
Ֆեդերացիան որոշել էր մեծ կազմով հանդես գալ Բաքվում, քանի որ այս Խաղերը մեզ համար Եվրոպայի առաջնություն են: Բաքու պետք է մեկնեին նաեւ Արսեն Ղազարյանը եւ Անդրանիկ Չափարյանը: Բայց նրանց անձնական մարզիչներն ու ծնողները համաձայն չեղան: Ծնողները վախենում են, չեն վստահում, նրանց անհանգստացնում է անվտանգության հարցը: Որեւէ մեկին չի պարտադրվելու:
Ես լինելու եմ մեր մարզիկների հետ, նրանց հետ մեկնելու եմ Բաքու, ինձ հետ թիմին կուղեկցի նաեւ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Իսկ անձնական մարզիչներ չեն լինի, քանի որ անձնական մարզիչներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել մեկնել Բաքու:
Ի՞նչ մարզավիճակում են գնտվում այս երեք մարզիկները եւ Բաքվի Խաղերից ի՞նչ սպասելիքներ կան:
Ձյուդոիստների ընդհանուր պատրաստականությունը նորմալ է, գտնվում են լավ մարզավիճակում, քանի որ մինչեւ Բաքվի Խաղերը մեր մարզիկները հավաքականի հետ անդադար հավաքների մեջ են եւ մասնակցում են նաեւ մի քանի միջազգային մրցումների:
Մեդալի հույսով ենք մեկնելու Բաքու: Չեմ կարող ասել, թե երեքից էլ մեդալ եմ սպասում, քանի որ սա սպորտ է, եւ ոչինչ չես կարող նախապես կանխատեսել:
Պարոն Բաբայան, նախքան կազմը որոշելը, ձյուդոիստների հետ զրուցե՞լ եք, նրանց ցանկությունը հաշվի առե՞լ եք:
Ձյուդոիստների հետ զրույց բնականաբար ունեցել եմ: Առահասարակ, ինչպես ես, այնպես էլ մեր մարզիկները Բաքու մեկնելուն այդքան ծանր չենք վերաբերվում, որքան մյուս մարզաձեւերի մարզիկներն ու մարզիչները: Չգիտես՝ ինչու, ամբողջ հանրապետությունը Բաքվում կայանալիք Խաղերին մասնակցելու հարցին այսքան ծանր է մոտենում: Իմ եւ իմ մարզիկների համար Բաքվի Խաղերը սովորական մրցումներ են, Եվրոպայի հերթական առաջնությունն է:
Ես չեմ ցանկանում որ իմ մարզիկները ծանր տանեն, որ Բաքու են գնում, կամ ես տարակուսեմ, որ այս տարի մեր Եվրոպայի առաջնությունը համընկել է Բաքվի Խաղերի հետ: Սա քաղաքականություն չէ, սա սպորտ է: Ճիշտ է՝ իրավիճակը վատ է, լարվածություն կա, պատերազմական իրավիճակում ենք, բայց այդ ամենին մենք փորձում ենք մեծ ուշադրություն չդարձնել, մարզիկները՝ նույնպես:
Նախապատրաստական ի՞նչ փուլ են անցնում Բաքվի Խաղերի մասնակից ձյուդոիստները:
Հենց այս պահին մեր երեք մարզիկները հավաքականի հետ ուսումնամարզական համատեղ միջազգային հավաքի են Թուրքիայի Անթալիա քաղաքում: Եթե իրականում այդպես նայենք, ապա Թուրքիա էլ պետք է չգնայինք, այն էլ այս տարի, այս իրավիճակում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:
Թուրքիայից առաջ հավաքականը ունեցավ եւս մեկ ուսումնամարզական հավաք Բուդապեշտում, որից հետո Զագրեբում մասնակցեցինք Գրան Պրիի: Քանի որ ես վատառողջ եմ, իմ փոխարեն հավաքականին Զագրեբից հետո Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի ուղեկցեց ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Բայց երկուսս էլ շատ ցանկանում էինք, որ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչը հավաքականին ուղեկցեր Թուրքիա, քանի որ այս միջազգային հավաքից հետո Հովհաննես Դավթյանը պետք է մեկնի Մարոկկո՝ մասնակցելու «Մասթերս» մրցաշարի: Հովհաննես Դավթյանն այժմ արդեն իր վարկանիշով ընդգրկվել է լավագույն 15 ձյուդոիստների մեջ, իսկ Մարոկկոյի մրցմանը կարող են մասնակցել վարկանիշային աղյուսակի 16 առաջատար ձյուդոիստները: Այս մրցաշարը՝ աշխարհի առաջնությունից հետո երկրորդ մրցաշարն է իր միավորներով: Թուրքիայում ընթացող հավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 20-ը, ապա հավաքականը կվերադառնա Հայաստան: Հունիսի 5-ին կմեկնենք Մինսկ, որտեղ կմասնակցենք Եվրոպայի վարկանիշային բաց առաջնությանը: Այս մրցաշարին Հովհաննես Դավթյանը չի մասնակցի, բայց հավաքականի հետ կմեկնի Մինսկ, որպեսզի հունիսի 8-12-ը հավաքականի հետ մասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի:
Պարոն Բաբայան, փաստորեն, եթե Եվրոպայի առաջնությունը համընկած չլիներ Բաքվի Խաղերի հետ հնարավոր է, որ Բաքու չմեկնեի՞ք, իսկ Եվրոպայի առաջնությանը ավելի մեծ կազմով մասնակցեիք:
Եթե Բաքվի Խաղերի հետ մեր Եվրոպայի առաջնությունը չհամընկներ, մենք Եվրոպայի առաջնության կմեկնեիք ավելի մեծ կազմով, ծնողների արգելքի խնդիր չէր լինի: Բայց Բաքվի Խաղերին մասնակցելուց չէինք հրաժարվի: Ես ամեն դեպքում կողմ կլինեի, որ մասնակցեինք, անպայման գոնե մեկ մարզիկով կմեկնեինք, ու ես կուղեկցեի այդ մարզիկին: Բայց ես մինչեւ վերջ վստահ չեմ, որ Հայաստանի պատվիրակությունը կմնեկնի Բաքու, Հայաստանը կմասնակցի Բաքվի Խաղերին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.