Սերգեյ Մովսեսյան. Ես եւ Վլադիմիր Հակոբյանը լավ չխաղացինք

23:09   29 ապրիլի, 2015

Շախմատի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալը շատ լավ արդյունք է, չնայած առաջնությունում իմ եւ Վլադիմիր Հակոբյանի վատ խաղին։ Կաշկանդված էինք խաղում, բայց պետք է դրական վերաբերվենք բրոնզե մեդալին։

Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը՝ ամփոփելով Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, իսկ Հայաստանի հավաքականը բավարավել է բրոնզե մեդալով։

«Ես ինքս մեր հավաքականից, մեր խաղից սպասում էի ավելի բարձր արդյունք: Մրցաշարից առաջ ասել էինք, որ այստեղ ամենաուժեղ թիմերն են խաղում: Առաջնության բոլոր պարտիաները ապացուցեցին, որ այստեղ թույլ թիմ չկար: Մասնավորապես, վերջին երկու տուրերում բոլոր պարտիաները շատ բարդ էին:

Սկզբում մեր մոտ լավ չէր ստացվում խաղը, բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունում երրորդ տեղի արդյունքը շատ լավ է՝ հաշվի առնելով այն, որ լավ չսկսեցինք մրցումը: Սկզբում հույսերն այդքան էլ բարձր չէին: Երրորդ-չորրորդ տուրից հետո հասկացանք, որ ոսկե մեդալի հնարավորություն չունենք:

Ես եւ Վլադիմիր Հակոբյանը լավ չխաղացինք այս առաջնությունում, բայց թիմն ապացուցեց, որ կարող է եւ օգնեց մեզ։ Պատվով կարողացանք դուրս գալ այս բարդ իրավիճակից:

Համարում եմ, որ լավ ավարտվեց մեզ համար այս առաջնությունը: Այս մրցաշարն ապացուցեց, որ նույնիսկ վերջին պահին կարող է ամեն ինչ փոխվել, որ մրցաշարերում ամեն ինչ հնարավոր է: Բրոնզե մեդալը գուցե մեզ չի ուրախացրել, բայց պետք է դրական վերաբերվենք բրոնզե մեդալին»,- ասաց Սերգեյ Մովսեսյանը:

Աշխարհի առաջնությունում Սերգեյ Մովսեսյանը 7 հնարավորից վաստակեց 2.5 միավոր,  Վալդիմիր Հակոբյանը չորս հնարավորից՝ 1 միավոր:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.