11:05 28 ապրիլի, 2015Հայաստանն ինձ հոգերազատ է, այստեղ է ծնվել հայրս: Ծաղկաձորը հիասքանչ գեղեցկություն ունի, միայն թե այստեղ ես եւ մեր թիմը հաջող չենք խաղում: Ինչ-որ բան այս առաջնությունում մեզ մոտ չի ստացվում, բայց դա բացարձակապես չի առնչվում ոչ Հայաստանին եւ ոչ հիասքանչ Ծաղկաձորին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկաձորում ավարտվող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից Ռուսաստանի հավաքականի առաջին համար, օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնությունների եռակի չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը:
Ալեքսանդր, Ձեզ համար նշանակություն ունի՞ մրցաշարի անցկացման վայրը: Մեր երկրում ինչպե՞ս եք Ձեզ զգում:
Հայաստանն ինձ հոգեհարազատ երկիր է, այստեղ է ծնվել իմ հայրը, ինձ շատ բան է պատմել Հայաստանի մասին: Ինձ այստեղ շատ է դուր եկել: Ծաղկաձորը նույնպես սիրեցի, հիասքանչ գեղեցկություն ունի: Գեղեցիկ է այստեղ: Մեր հանգստյան օրը դուրս եկանք հյուրանոցից, որը գտնվում է Ծաղկաձորի բարձունքում, շրջեցինք քաղաքում, իսկ հետդարձի ճանապարհին առատ ձյուն էր տեղում, ընկանք ձնաբքի մեջ: Այստեղ այնպիսի ձյուն էր գալիս, որ մեքենաները նույնիսկ չկարողացան բարձրանալ մինչեւ հյուրանոց: Ստիպված եղանք մեկ ժամից ավելի քայլել եւ հաղթահարել այս բարձունքը: Զվարճալի էր, բայց շատ գեղեցիկ էր:
Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն: Դո՞ւք նույնպես այդպես եք կարծում:
Ասում են՝ Հայաստանը շախմատային երկիր է: Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ: Դրա ապացույցը Հայաստանի հավաքականի հաջողություններն են ու փայլուն մրցախաղերը տարբեր միջազգային խոշոր մրցաշարերում: Հայաստանի հավաքականը մեծ հաջողությունների եւ ձեռքբերումների է հասել շախմատում, այնպես որ իզուր չեն ասում, որ Հայաստանը շախմատային երկիր է:
Իսկ շախմատային երկրում ինչպե՞ս է ստացվում Ձեր խաղը:
Մեր հավաքականն այստեղ գրեթե չի խաղում: Չենք կարողանում լավ խաղ ցուցադրել: Բայց դա Հայաստանին կամ Ծաղկաձորին չի առնչվում: Առհասարակ, այս առաջնությունում Ռուսաստանի հավաքականը հաջող հանդես չի գալիս: Ուղղակի այս առաջնությունում ինչ-որ բան չի ստացվում ոչ ինձ մոտ, ոչ ամբողջ թիմի: Չի հաջողվում: Թե պատճառը որն է, չեմ կարող ասել: Դա արդեն լրիվ այլ հարց է: Այստեղ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Խաղերի համար նախատեսված դահլիճը շատ հարմարավետ է, մեզ հյուրընկալող հյուրանոցն էլ հիասքանչ է: Պայմանները շատ լավն են: Ուղղակի մեր թիմի մոտ պարտիաները չեն հաջողվում:
Իսկ հայկական ավանդական ճաշատեսակներ փորձե՞լ եք: Հավանո՞ւմ եք մեր խոհանոցը:
Հայկական ավանդական ճաշատեսակները փորձեցինք նույն այդ օրը, երբ առատ ձյան պատճառով մնացինք ճանապարհին: Ծաղկաձորում փորձեցինք հայկական տոլման, հայկական տեղական միսը: Ինձ մասնավորապես դուր եկավ հայկական միսը, շատ համեղ է եւ համեղ են պատրաստում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.