Հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս

20:47   23 ապրիլի, 2015

Հայ ալպինիստները կմասնակցեն դեպի Էլբրուս մասսայական վերելքի՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակին, հայտնում են Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից։

Մայիսին կայանալիք վերելքին կմասնակցեն Էդուարդ Սարգսյանը, Շուշանիկ Ռուբենյանը, Արտաշես Մկրտչյանը, Վարդան Խաչատրյանը եւ Նարինե Ճաղարյանը:

«Հաղթանակ, հիշատակ, խաղաղություն» նախագծի հեղինակներն են Ռուսաստանի եւ Բելառուսի ալպինիզմի ֆեդերացիաները: Նախագծին աջակցում են Ղրղզըստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը: Վերելքին կմասնակցեն նաեւ ալպինիստներ Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից: Մասնակիցները Էլբրուսի գագաթին կտեղադրեն Հաղթանակի դրոշի կրկնօրինակը եւ իրենց երկրների պետական դրոշները:

Հիշեցնենք, որ 2013 թվականին հայ ալպինիստներ Լեւան Մովսիսյանը եւ Վարդան Խաչատրյանը առաջին անգամ մասնակցեցին Red Fox Elbrus Race փառատոնին: Լեւան Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ տեղը դեպի Էլբրուսի արեւմտյան գագաթ մրցավազքի 130 մասնակիցների մեջ՝ գագաթ հասնելով 4 ժամում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.