Սպորտի նախարար. Այս տարի հավանաբար կունենանք ջրացատկի եւս մեկ դպրոց (ֆոտո)

17:00   18 ապրիլի, 2015

Արդեն այս տարվա վերջում հնարավոր է եւս մեկ դպրոց ունենան ջրացատկորդները: Դեռեւս միայն մեկն է: Բայց այս մեկ բազայով էլ կարողանում ենք սերունդ դաստիարակել, ջրացատկը մասսայականացնել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն, ով ապրիլի 18-ին ներկա էր  ջրացատկի Հայաստանի առաջնությանը: Սպորտի նախարարը պարգեւատրեց Հայաստանի չեմպիոններին:

Ապրիլի 16-18-ը Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը բոլոր տարիքային խմբերում:

Մեծահասակների խմբում 1 մետր ոստնակացատկում չեմպիոն է դարձել Լեւ Սարգսյանը, 3 մետր ոստնակացատկում առաջատարը Վլադիմիր Հարությունյան է, իսկ աշտարակացատկում՝ կրկին Լեւ Սարգսյանը:

Պատանիների խմբում Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել Միքայել Հակոբյանը:

«Յուրաքանչյուր մարզաձեւում կարեւորագույն աշխատանքը սերունդ դաստիարակելն է, մարզաձեւը մասսայականացնելը, զարգացնելը:  Ջրացատկ մարզաձեւում մեզ մոտ ստացվում է այդ կարեւորագույն աշխատանքն իրականացնելը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցից բացի, այլ մարզաբազա չունենք: Երեւի այս տարվա վերջ կունենանք արդեն երկրորդ մարզաբազան, որտեղ ջրացատկորդները կմարզվեն»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նախարարության կողմից Վլադիմիր Հարությունյանին շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

«Կա համապատասխան չափանիշ՝ եթե մարզիկը, տվյալ պարագայում ջրացատկորդը Հայաստանի առաջնությունում, միջազգային մրցաշարերում եւ Եվրոպայի առաջնությունում երկու անգամ գրավում է համապատասխան տեղեր, իրավունք ունի ստանալ միջազային կարգի սպորտի վարպետի կոչում: Այսօր այդ կոչումը շնորհվեց Վլադիմիր Հարությունյանին: Լեւ Հակոբյանը դեռ չի լրացրել այդ չափանիշը»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։