«Известия». Հայաստանի հավաքականը կարճաժամկետ պայմանագիր է առաջարկել Կարպինին

14:06   6 ապրիլի, 2015

Ռուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել շվեյցարացի Բեռնար Շալանդի պաշտոնանկությունից հետո:

«Известия»-ն գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է սկսել Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչի հետ՝ նրան առաջարկելով ազգային թիմը գլխավորել մինչեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ավարտը: Կարպինի թեկնածությունն առաջարկել է «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը, ով կապի մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ռուս նախկին ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաժամկետ պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի հետ, քանի որ Եվրո-2016-ի ընտրական փուլից հետո ցանկանում է դարձյալ վերադառնալ ակումբային աշխատանքի:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում են նաեւ ղազախական «Տոբոլը» գլխավորող Վարդան Մինասյանն ու Սարգիս Հովսեփյանը «Փյունիկից»:

Աղբյուրի համաձայն՝ ՀՖՖ-ն ոչ հերքել է Վալերի Կարպինի վերաբերյալ լուրը, ոչ էլ հաստատել է այն: 46-ամյա մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է իսպանական «Մալյորկան», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հեռացել է այս տարվա փետրվարին: «Սպարտակում» Կարպինն աշխատել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Վալերի Կարպինը ժամանել էր Երեւան, որտեղ մարտի 28-ին մասնակցեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.