20:20 28 փետրվարի, 2015Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակից Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը վերջապես ընդհատեց գոլային երաշտը՝ բացելով իր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը երկարատեւ դադարից հետո Գերմանիայի առաջնությունում դարձյալ ընդգրկվել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ անցկացրեց լավ հանդիպում:
Առաջին խաղակեսում դորտմունդցիները նկատելիորեն գերազանցեցին մրցակիցին, սակայն բաց թողեցին մի շարք իրական գոլային պահեր: Միայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կորցրեց «Շալկեի» դարպասը գրավելու 3 լավ հնարավորություն:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ընդմիջումից հետո «Շալկեն» չկարողացավ անառիկ պահել դարպասը: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» պահպանում էր մեծ առավելությունը եւ մեկը մյուսի հետեւից կորցնում էր գոլային պահեր, իսկ հյուրերի 19-ամյա դարպասապահ Տիմոն Վելենռոյտերը անցկացնում էր հիանալի հանդիպում: Երկրորդ խաղակեսում լավ պահեր կորցրեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ով 78-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հենրիխի փոխանցումից հետո գնդակն անդրադարձի օգնությամբ հայտնվեց Օբամեյանգի մոտ, իսկ Գաբոնի հավաքականի հարձակվողը բացեց հաշիվը: Անցավ եւս մեկ րոպե եւ արդեն գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Գերմանիայի այս առաջնությունում: «Շալկեն» դեռ ուշքի չէր եկել նոկդաունից, երբ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հեղինակեց դաշտի տերերի երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ «Բորուսիան» այս հաղթանակից հետո 28 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Շալկե»՝ 3:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 78, Հենրիխ Մխիթարյան, 79, Մարկո Ռոյս, 86
«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 1:0
Սիմոն Ռոլֆես, 33
«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 2:0
Կեւին Ֆոլանդ, 55, Եվգեն Պոլանսկի, 76
«Հանովեր» - «Շտուտգարտ»՝ 1:1
Լարս Շտինդլ, 70 – Կրիստիան Գենտներ, 52
Հեռացումներ՝ Լարս Շտինդլ, 90 – Մարտին Հարնիկ, 90
«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 1:0
Սալոմոն Կալու, 88
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.