01:51 21 փետրվարի, 2015Հաղթանակս կնվիրեմ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ամբողջ հայ ազգին, իմ ընկերներին, բարեկամներին եւ NEWS.am-ին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում կայանալիք մենամարտից առաջ:
Փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կկայանա Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ ռեւանշ մենամարտը:
«Այսօր իմ ծննդյան օրն էր, բայց ես չեմ կարող ծնունդ նշել այս սրտով, մինչեւ չի կայացել իմ մենամարտը: Միայն հաղթանակից հետո կնշեմ ծնունդս: Ինձ մենամարտից առաջ ոչինչ չի հետաքրքրում:
Այս անգամ ես Փոլ Սմիթին ոչ մի հնարավորություն չեմ տա ռինգում: Նա խոսքերով է հայտարարում, թե ինձ կհաղթի: Թող խոսի, մենամարտի օրը ռինգում ամեն ինչ պարզ կլինի: Ես այնպիսի հաղթանակ կտանեմ, որ էլ երբեք նա չմտածի ռեւանշ մենամարտի մասին եւ ինձանից ռեւանշ չպահանջի:
Ես այսօր կշռման արարողության ընթացքում հայացքների մենամարտի ժամանակ իմ հայացքով Սմիթին ասացի, որ ես միեւնույն է՝ հաղթելու եմ, հաղթանակը իմն է:
Փոլ Սմիթին չեմ պատասխանի իր հայտարարությունների համար, խոսելը, ասելը շատ հեշտ է: Ես նրան ամեն ինչ ցույց կտամ ռինգում, հետո նոր կասեմ, կպատասխանեմ նրա հայտարարություններին, բայց միայն մենամարտից հետո:
Ռինգ գնալուց առաջ պարտության մասին չեմ մտածում, բայց չեմ բացառում, քանի որ սպորտ է եւ հնարավոր է վնասվածք ստանաս եւ պարտվես: Բայց ես երբեք պարտության մասին չեմ մտածում: Մենք մշակել ենք նոր մարտավարություն: Ես տեխնիկայով, հնարքներով պարտության կմատնեմ Սմիթին: Գտնվում եմ շատ լավ մարզավիճակում, շուրջ երեք ամիս մարզվել եմ, հավաքներ եմ անցկացրել, պատրաստվել եմ այս մենամարտին:
Այսօր փորձում եմ հանգստանալ, մտքերս միայն բռնքամարտի մասին են, ռինգում, մենամարտի մեջ: Ամբողջ օրը անջատել էի հեռախոսիս ձայնը, որպեսզի ոչ մեկի հետ չխոսեմ: Կարծում եմ՝ ինձ կներեն իմ բարեկամները, հարազատները եւ կհասկանան, որ ինձ համար այսօր եւ վաղը շատ կարեւոր օր է: Այս հաղթանակով ես իմ շնորհակալությունը կհայտնեմ բոլորին իմ ծննդյան օրը չմոռանալու, ինձ շնորհավորելու համար:
Այս հաղթանակս կնվիրեմ ամբողջ հայ ազգին, իմ ընտանիքին, NEWS.am-ին, որ Երեւանից եկել, հասել է այստեղ՝ իմ մենամարտը լուսաբանելու: Ես ազգի տղա եմ եւ իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ իմ ազգին: Երեւանյան ասուլիսներից մեկի ժամանակ էլ ասացի, որ առաջիկա մենամարտերիցս մեկը նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սա լավ առիթ է հաղթանակս նվիրելու ցեղասպանության 100 ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը այս միջոցով եւս մեկ անգամ լսի եւ ճանաչի ցեղասպանությունը:
Արդեն 35 տարեկան եմ, մայրիկիս երազանքը թոռնիկ ունենալն է՝ այսինքն՝ իմ ամուսնությունը, երեխաներ ունենալը: Արդեն ժամանակ է, դեռ մի բան էլ անցել է ժամանակը, բայց ես այնքան եմ բռնցքամարտով տարված, որ չեմ հասցնում իմ անձնական կյանքով զբաղվել: Ամեն ինչ լինելու է, մնում է միայն կոնկրետացնել օրեր, ժամանակ, իրադարձություններ»,- ասաց Արթուր Աբրահամը:
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.