Հայաստանի բոլոր լողավազանները սեփականաշնորհված են, լողի բոլոր մարզադպրոցները՝ փակված. հարցազրույց

19:19   6 հունիսի, 2012

Մինչեւ Հայաստանում լողի մասնագիտացված մարզադպրոցներ՝ իրենց լողավազաններով չստեղծվեն, մարզաձեւի զարգացման մասին խոսելն ավելորդ է։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 1993 թվականից Հայաստանի լողի ֆեդերացիան նախագահող, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանը։

Պարոն Սաֆարյան, ի՞նչ հաջողություններ է ունեցել հայկական լողն անցյալում։

Շատ հաջողություններ ենք ունեցել: 1953 թվականին լողորդ Անատոլի Սակրյուկովը, որը հայ էր, դարձավ Սոչիում կայացած մարաթոնյան լողի Խորհրդային Միության չեմպիոն: Լողի պատմության մեջ մենք ունեցել ենք Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Ջիլավյան, Եվրոպայի արծաթե մեդալակիր Արմեն Կաբինին։ 1960 թվականին Հայաստանում բացվեց լողի կենտրոնը։ Դա Երեւանի ներկայիս Չարբախ համայնքում էր: Շատ լավ բազա էր, երկու լողավազանով`  50 եւ 25 մետրանոց: Կլոր տարի աշխատում էր: Մեր ուժեղագույն լողորդներ` 30-40 անդամներ այնտեղ ապրում էին, սովորում: Մարզաբազայի գործունեության տարիներին լողը Հայաստանում մեծ առաջընթաց ապրեց։ Սակայն մարզաբազան աշխատեց մինչեւ 80-ական թվականների սկիզբը: Այժմ  կա այդ բազան, բայց ծառայում է արդեն ոչ լողի համար։ Լողի զարգացման մեջ մեծ լումա են ունեցել մարզիչներ Ալեքսանդր Գրաբովսին, Միսակ Գաբրիելյանը, Ջեյմս Սարգսյանը:  Իսկ արդեն անկախ Հայաստանում լողը զարգացրել են Արման Վահանյանը, Կարեն Ղուկասյան, Արմինե Ավետիսյանը, այլ նվիրյալներ։

Ե՞րբ է  ֆեդերացիան ձեւավորվել եւ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել:

Ֆեդերացիան ձեւավորվել է դեռեւս Խովետական Միության ժամանակաշրջանում` 1970-ական թվականներից: Բայց միջազգային լողի ֆեդերացիայի` ՖԻՆԱ-ի կողմից ճանաչվել ենք 1990 թվականից: ՖԻՆԱ-ում ընգրկվելուց հետո միայն որպես անկախ պետության լողորդները հնարավորություն ունեցան մասնակցել միջազգային մրցաշարերի` Եվրոպայի, աշխարհի եւ մի շարք այլ առաջնությունների: Որքան մեզ պետության կողմից հատկացված գումարը բավականացրել է, այդքան էլ մասնակցել ենք մրցաշարերին:

Իսկ որքա՞ն է պետության կողմից հատկացված գումարը:

Տարեկան ընդամենը 8 միլիոն դրամ է: Սա շատ փորք գումար է: Այս պահին մեր ինը լողորդներ երկու մարզիչների հետ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են: Այս ուսումնամարզական հավաքի վրա մենք կծախսենք 2 միլիոն դրամ: Սա նշանակում է բյուջեի 25  տոկոսը վատնել մի հավաքի վրա: Մնացած գումարով կանցկացնենք Հայաստանի 2 առաջնություն եւ 1-2 մարզիկի կուղարկենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Մեզ հատկացված գումարը ծախսվում է միայն մրցումների վրա: 8 միլիոն դրամը  բավարար չէ մարզաձեւի զարգացման համար: Մարզաձեւ կա 160-180 միլիոն դրամ է ստանում պետբյուջեից, իսկ լողի պես մարզաձեւը, որն ամենակարեւորն է, ստանում է ընդամենը 8 միլիոն: Ֆեդերացիայի խնդիրն է զարգացնել մարզաձեւը: Բայց ինչպե՞ս դա անել, այ դա է խնդիրը: Հայաստանի բոլոր լողավազանները սեփականաշնորհված են: Բոլոր մարզադպրոցները փակվեցին: Հայաստանում ժամանակին ունեինք 10 մարզադպրոց: Հիմա ոչ մի հատ չունենք: Պետական լողավազան չկա: Միայն Դավիթ Համբարձումյանի լողավազանն է, որն ինքնաֆինանսավորվում է: Միայն 25 մետրանոց` հինգ լողուղյակով լողավազանը պարունակում է 1500 խորանարդ մետր ջուր: Այդ ջուրը պետք է տաքացնել, որը մեծ գումարներ է պահանջում: Իսկ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 27-28 աստիճան, որ մարդիկ գան, լողան:

Ստացվում է՝ Հայաստանում լողի զարգացման չսպասենք, քանի դեռ լողավազանները սեփականաշնորհված են եւ մարզվելու համար 50 մետրանոց լողավազան չկա:

Լող մարզաձեւով զբաղվելու համար նախ երեխան պետք է սկսի սկզբնական ուսուցումից` երբ երեխան գալիս է, սովորում է լողալ: Սովորում է բոլոր լողաոճերը: Երբ սկսում է լողալ բոլոր լողաոճերը, անցնում է  ուսումնամարզական խմբերի: Հայաստանում սկզբնական ուսումնամարզական  բոլոր խմբերը վճարովի են: Ամսական աբոնեմենտի գինը տատանվում է միջինում 14.000-30.000 դրամի սահմաններում: Դրա համար ծնողները գումար գտնում են: Արդեն սպորտային` պրոֆեսիոնալ խմբերում ընդգրկվելու համար երեխան պետք է անցնի ամենօրյա մարզումների: Այդ մարզումները տեւում են 2-3  ժամ: Այս մարզումների աբոնեմենտի գինը սկսվում է 100.000 - 150.000 դրամից: Ոչ մեկն, իհարկե, չի համաձայնվում այսքան գումար ամսական տրամադրել լողին ոչ երեխաներն են ցանկություն հայտնում այդքան մարզվել, ոչ էլ ծնողներն են համաձայնվում այդքան գումար վատնել:Այս պարագայում սպորտի զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կան դպրոցներ, որոնք իրենց լավագույն լողորդների համար կազմակերպել են անվճար աբոնեմենտներ, բայց այդ լողորդների քանակը շատ քիչ է եւ հնարավոր չէ նրանց միջից ընտրել Օլիմպիական խաղերի, եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակիցներ: Վերջերս Չինաստանում մասնակցեցի աշխարհի լողի ֆեդերացիաների նախագահների խորհրդակցությանը, որի ժամանակ Չինաստանի լողի ֆեդերացիայի նախագահը իր ելույթի ժամանակ հայտնեց, որ իրենց երկրում միայն ջրացատկով մարզվում է 3-5 միլիոն երեխա: Ես նրա ելույթից հետո ուղղակի ամաչեցի հայտնեի, որ մեր երկրում այս մարզաձեւով պրոֆեսիոնալ զբաղվում  է 100 երեխա: Հայաստանում լողն ունի մասսայականացման խնդիր: Պետք է շատ լինեն մարզվողները, որ կարողանանք նրանցից «մաղել» լավագույններին: Բացի այդ, այս մարզաձեւում շատ կարեւոր է նաեւ լողորդի հասակը: Օրինակ` օլիմպիական խաղերի եզրափակիչներում լողորդի միջին հասակը 196 սմ է: Մենք նույնիսկ այդ հասակի բասկետբոլիստներ շատ չունենք:
 
Ազգային հավաքական ունե՞նք:

Ունենք: Այժմ հավաքական թիմում 23 լողորդ է ընգրկված: Նրանցից տասը մեծահասակ են, 13-ը՝ պատանիներ: Հավաքականի անդամները ապահովված չեն ոչնչով: Կարճ ասած, այս առումով լողը գտնվում է շատ վատ վիճակում:  Լողորդներից 14-ը սպորտի վարպետներ են: Դա նշանակում է նրանց պետք է առնվազն մեկ լողավազան 50 մետրանոց ունենան մարզումների համար։ Ունենք մեկը՝ Gold's Gym-ում, որը սակայն մասնավոր սեփականություն է: Երբեմն կարեւոր մրցումներից առաջ այնտեղ անվճար մարզվում ենք, բայց ամեն անգամ չենք կարող մարզվել: Մարդիկ դրանով գումար են աշխատում:

Որտե՞ղ է այժմ մարզվում հավաքականը:

Մարզվում են փոքր լողավազաններում: Բայց այդ փոքր լողավազանները ձմռանը փակվում են: Միակ պետական լողավազանը «Դավիթ Համբարձումյանն» է, որը դեռեւս չեն սեփականաշնորհել: Այդ լողավազանները 25 մետրանոց են: Իսկ 25-ով մարզվելով չես կարող լավ արդյունք ցույց տալ 50 մետրանոցում: Բացի լողավազանի պայմաններից չունենք նաեւ ֆիզպատրաստության դահլիճ: Աշխարհում չկա այնպիսի մի պետություն, որը լողի ֆիզիկական պատրաստության դահլիճ չունենա: Մեր երեխաները այդ ֆիզպատրաստության մասը չեն անցնում: Մարզասարքեր չունենք: Դրանք թանկ սարքեր են, որոնք ձեռք բերելու համար նույնսիկ տեղ չունենք դրանք տեղադրելու:

Իսկ ինչ պետք է անել այս մարզաձեւի զարգացման համար: Մշակե՞լ եք ծրագիր, կամ դիմե՞լ եք որեւէ ատյանին մարզաձեւին օգնելու համար:

Կազմել ենք հավաքականի աշխատանքային ծրագիր`մարզաձեւի զարգացման համար: Հիմքում դրել ենք Ռուսաստանի հավաքականի պատանեկան թիմի աշխատանքային պլանը: Բայց քանի որ ֆիզիակական հատուկ պատրաստությունը ցամաքում դուրս է մեր ծրագրերից, չենք կարող լիարժեք համոզված լինել ծրագրի հաջողության համար:
Դեռեւս մի քանի տարի առաջ մեր կառավարությունը պատրաստում էր օրենք լողի եւ հրաձգային սպորտի զարգացման մասին։ Այդ օրենքը պատրաստեցին, բայց Ազգային ժողովն այդպես էլ չընդունեց։ Եթե ընդունեին, ստիպված կկառուցեին լողավազաններ։ Երբ կկառուցվեն մարզադպրոցներ՝ իրենց լողավազաններով, նոր այդ ժամանակ կխոսենք կամ կպլանավորենք Հայաստանում լողի զարգացման ծրագիր։

Եվ այս պայմաններում, փաստորեն,  պատրաստվում  եք Օլիմպիական խաղերին, աշխարհի առաջնությանը եւ աշխարհի  գավաթի խաղարկությանը:

Քանի որ լողը աշխարհում շատ է զարգացել, Միջազգային օլիմպիական կոմիտեն փոխել է մասնակցության կանոնադրությունը: Եթե նախկինում բոլոր երկրների ներկայացուցիչներին տեղեր էին հատկացվում (առնվազն մեկական մարզիկ եւ մարզուհի) Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ապա այժմ այդպես չէ: Խոսքն այն երկրների մասին է, որոնց ներկայացուցիչները համապատասխան վարկանիշ չէին լրացնում: Այժմ տեղեր են տրամադրվելու ոչ բոլորին: Ընտրվելու են այն մարզիկները, ովքեր մինչ այդ բարձր արդյունքներ են ցույց տվել: Օլիմպիադային կարող են մասնակցել այն երկրների լողորդները, որոնք կամ Ա նորմատիվ կատարողներ են, կամ էլ հրավիրվել են սպիտակ քարտով։ Ա նորմատիվը լողում շատ բարձր արդյունք է, որով լողորդը մտնում է աշխարհի 20-30 ուժեղագույնների մեջ։ Եվս 150 տեղ տրվում է սպիտակ քարտով հրավիրված լողորդներին՝ 75 կին եւ 75 տղամարդ։ Սպիտակ քարտատերերին ընտրում է ՖԻՆԱ-ն։ Իսկ սպիտակ քարտ կարող են ստանալ այն լողորդները, որոնք անցած տարի Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել էին։ Եթե լողորդը Բ նորմատիվ է միայն կարողանում կատարել, նա մեխանիկորեն կորցնում է օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը։

Ի վերջո, մենք ունե՞նք Օլիմպիական խաղերի մասնակցության հավակնորդներ։

Մենք ունենք երեք թեկնածուներ. Միքայել Քոլոյանը, Մոնիկա Վասիլյանը եւ Անահիտ Բարսեղյանը։ Նրանք երեքն էլ անցյալ տարի մասնակցել են Շանհայում կայացած լողի աշխարհի առաջնությանը։ ՖԻՆԱ-ն մեզ հատկացրել է երկու սպիտակ քարտ: Այդ երեք մարզիկների տվյալները ուղարկել ենք ՖԻՆԱ-ին։ Թե այս երեքից ում կընտրի ՖԻՆԱ-ն, պարզ կլինի 10 օրից։ Վստահ եմ, որ Միքայել Քոլոյանն անպայման կլինի։

Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք Քոլոյանից։

Մեր պայմաններում օլիմպիական մեդալների մասին խոսելու կարիք չկա, մասնավորապես, այն պարագայում, երբ աշխարհում արդեն 205 երկրում լողը զարգացած է։ Արդեն 205 պետություն ՖԻՆԱ-ի անդամ է։ Միքայել Քոլոյանը աշխարհի առաջնությունում 100 մետրում 55-րդն էր 200 լողորդների մեջ։ Մոնիկա Վասիլյանը 57-րդն էր 80 լողորդների պայքարում։ Նույն դիրքում էր նաեւ Անահիտ Բարսեղյանը։ Սա նշանակում է, մենք միջին տեղերում ենք։ Մեր ընդհանուր մակարդակը միջին է։ Ավելի բարձր ենք քան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ոչ Վրաստանը, եւ ոչ էլ Ադրբեջանը Քոլոյան չունեն։ Բայց կունենան, քանի որ այնպիսի մարզաբազաներ են կառուցում, որ չի կարող սպորտը այնտեղ չզարգանալ, լինի լող, թե այլ մարզաձեւ։ Մեր ցավն այն է, որ չունենք լողի մարզադպրոց:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։