14:52 2 փետրվարի, 2015Սպորտի զարգացման կարեւորագույն նախադրյալներից մեկը մարզադպրոցների առկայությունն է: Այն, որ նորանկախ Հայաստանում մարզօջախների քանակը եւ վիճակը այդքան էլ բարվոք չեն, հայտնի է բոլորին: Այդպիսի օրինակ էր Գյումրիի մարզադպրոցը, որտեղ մարզվում է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը եւ շատ ուրիշ տիտղոսակիր մարզիկներ: Մարզադպրոցի պայմանները, մեղմ ասած, հեռու էին հարմարավետ լինելուց: Եվ ահա Արթուր Ալեքսանյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո է միայն սկսվում մարզադպրոցի վերանորոգումը:
Մի՞թե արդյունքն է ապահովում պայմաններ: Այս խնդիրը անհանգստացնում է հատկապես մարզերում բնակվող քաղաքացիներին, որտեղ կան շնորհաշատ երեխաներ, բայց զուրկ են մարզվելու տարրական հնարավորությունից: Ի՞նչ է մնում նրանց, բացի ազատ ժամանակը փողոցներում անցկացնելուց: Սա լուրջ ահազանգ է:
Օրերս Էջմիածնում էի: Այնտեղ տեղեկացա, որ քաղաքում նոր մարզադպրոց է կառուցվում: Լրագրողական հետաքրքրությունս շարժվեց, խնդրեցի ինձ տանել մարզադպրոցի տարածք:
Քաղաքի կենտրոնից ոչ այդքան հեռու, նախկինում գործարանի շենքում եւ տարածքում շինարարական ակտիվ աշխատանքներ են տարվում: Փոքրից մեծ լծված են աշխատանքի: Մինչ մի քանի լուսանկարներ արեցի, շինհրապարակում լինելուս լուրը արագ տարածվեց:
Խնդրեցի, որ ինձ ծանոթացնեն մեկի հետ, ով ստույգ տեղեկություն կտա կառուցվող մարզադպրոցի մասին: Քիչ անց ինձ մոտեցավ Համլետ Պատուրյանը՝ ապագա մարզադպրոցի սեփականատերը: Միանգամից անցանք պաշտոնական մասին.
Պարոն Պատուրյան, ե՞րբ որոշեցիք մարզադպրոց հիմնել Էջմիածնում:
Միտքը առաջացավ այն ժամանակ, երբ մի անգամ մեկնեցի Ծաղկաձորի մարզաբազա: Մտածեցի՝ լավ կլիներ, որ նման մի բան էլ Էջմիածնում կառուցվեր:
Ինչո՞ւ հենց այս քաղաքում:
Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել: Ինքս մարզիկ եմ եղել՝ հունահռոմեական ոճի ըմբիշ: Ծանր ժամանակներ բաժին հասավ մեր սերնդին՝ երթեր, ցույցեր, անկախության հռչակում, Ղարաբաղի շարժում: Իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ դժվար է մարզվել վատ պայմաններում: Հասկանալի էր՝ ժամանակներն էին ծանր:
Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, փառք Աստծո ես այսօր ունեմ մարզադպրոց կառուցելու հնարավորություն, ինչո՞ւ չանեմ: Եվ ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ իմ ծննդավայրում, իմ հարազատ քաղաքում:
Ո՞ր մարզաձեւերի համար է նախատեսված դպրոցը:
Ըմբշամարտ, ծանրամարտ եւ բռնցքամարտ: Նախատեսվում է, որ մարզադպրոցում կմարզվի շուրջ 1000 սան, ինչպես Էջմիածնից, այնպես էլ մոտակա գյուղերից:
Նշեմ նաեւ, որ մարզադպրոցում մարզվելը լինելու է լրիվ անվճար: Նախատեսում ենք, որ շենքի ներսում կլինեն սենյակներ՝ հեռվից եկողների համար: Այստեղ կաշխատեն բարձրակարգ մարզիչներ: Կլինեն փորձի փոխանակումներ: Ժամանակ առ ժամանակ մարզադպրոց կգան տիտղոսակիր մարզիկներ, կհանդիպեն երեխաներին, կզրուցեն, կմարզվեն նրանց հետ:
Ստացվում է, որ նման ծավալի աշխատանքի դիմաց Դուք ոչ մի եկամուտ չե՞ք ակնկալում:
Ես ամենամեծ օգուտն եմ ստանալու: Այս մարզադպրոցի շնորհիվ գոնե 1000 երեխա կկտրվի փողոցներից, նրանցից 20-30-ը լուրջ նվաճումներ հաստատ կունենան, իսկ մնացածն էլ, եթե մարզական լուրջ հաջողություններ չհասնեն, կլինեն առողջ, դաստիարակված եւ կարգապահ քաղաքացիներ, զինվորներ:
Այսքանից հետո էլ ի՞նչ եկամտի մասին է խոսքը: Ինձ ճիշտ հասկացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում զրկված լինել պայմաններից: Եթե ունեմ հնարավորություն, ինչո՞ւ չանեմ: Եթե մեր երկրի յուրաքանչյուր մարզում որեւէ գործարար նման մարզադպրոց կառուցեր, հրաշալի կլիներ:
Ե՞րբ եք ակնկալում ավարտին հասցնել շինարարությունը: Դեռ շատ անելիքներ կան:
Եթե գայիք մի քանի ամիս առաջ եւ տեսնեիք, թե ինչ վիճակում էր այս տարածքը՝ ընդհանրապես հույս չէիք ունենա, որ մի բան կստացվի: Ինչպես տեսնում եք աշխատանքները բուռն են ընթանում, ամեն ինչ արվում է, որ արագ ավարտենք շինարարությունը: Երեխաները դասերից հետո գալիս եւ ինքնակամ օգնում են շինարարներին, շատ ոգեւորված են նոր մարզադպրոց ունենալու մտքից: Հույս ունենք այս տարի բացումն անել:
Կողմնորոշվել եք, թե ի՞նչ անուն է կրելու մարզադպրոցը:
Անկեղծ ասած՝ դեռ ոչ: Մրցույթ կհայտարարենք, ըստ այդմ էլ կընտրենք անվանումը եւ տարբերանշանը:
Մարզադպրոցի բացման սպասումով՝ ավարտեցինք զրույցը:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)








The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.