Արթուր Սարկիսովը՝ ընտանիքի, ցանկությունների եւ ՌՊԼ-ում խաղալու մասին

18:48   29 դեկտեմբերի, 2014

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատմել է ընտանիքի, հաջողված հանգստի եւ ամանորյա ծրագրերի մասին:

«2014-ի գլխավոր իրադարձությունը երկրորդ որդուս ծնունդն էր: Դա ամենակարեւորն էր, որի հետ համեմատ մյուս իրադարձությունները հիշարժան չէին: Նույն զգացումն ունեցա երեք տարի առաջ, երբ ծնվեց առաջնեկս: Շատ եմ սիրում կնոջս՝ Օլգային, եւ երկու որդիներիս՝ Արտյոմին եւ Ռոմանին: Եթե Աստված տա հաջողություն եւ առողջություն, ապա ցանկանում եմ ունենալ երրորդ երեխան:  

Ծրագրում եմ Ամանորը դիմավորել Մոսկվայում՝ ծնողներիս, կնոջս, երեխաներիս եւ եղբորս հետ: Եղբայրս նույնպես ունի որդի: Սովորաբար հայրս հագնում է Ձմեռ պապու համազգեստ, որպեսզի կեսգիշերից մի քանի ժամ առաջ շնորհավորի երեխաներին:

Հանգստանալը հիանալի է: Սկզբում կնոջս եւ տղայիս հետ մեկնել էինք Թաիլանդ, հետո կնոջս հետ՝ Փարիզ: Դեկտեմբերի 17-ին մեր ծանոթության 11-րդ տարեդարձն էր: Որոշել էինք այն անցկացնել ռոմանտիկ միջավայրում: Գերազանց եմ հանգստացել եւ վերականգնել ուժերս:

Երկրպագուների ճանաչումը հաճելի է, քանի որ խաղում ենք նրանց համար: Այդուհանդերձ, ցանկանում եմ կրկին խաղալ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: «Վոլգայի» լավագույն գոլի մասին կարող եմ ասել, որ ինձ հատկապես դուր եկավ Էդուարդ Սուխանովի հեռու տարածությունից խփած գոլը «Սոկոլի» դարպասը: Այդ ժամանակ հավաքականում էի եւ ազգային թիմի խաղից առաջ հասցրեցի դիտել «Վոլգայի» հանդիպման առաջին խաղակեսը»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.