Ի՞նչ պայմաններում են մարզվում Հայաստանի հավաքականների ծանրորդները

18:14   16 դեկտեմբերի, 2014

Արագածոտնի մարզի Քասախ գյուղի ծանրամարտի մարզադպրոցը կառուցվել է 2008 թվականին: Այստեղ են մարզվում ծանրամարտի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների ծանրորդներ: Այստեղ է մարզվում նաեւ 2012թ. Լոդնոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

«Մարզադպրոցը ստեղծվել է 2008 թվականին։ Նախկինում այստեղ դատարկ շինություն էր, որտեղ մի քանի ծանրորդ մարզվում էին: 2008 թվականին բարերարների շնորհիվ այս մարզադպրոցը վերակառուցվեց ծանրամարտի մարզադպրոցի: Այստեղ մարզվում են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, պատանիները, ինչպես նաեւ մեծահասակներից մի քանի ծանրորդ։ Այս մարզադպրոցից ունենք 6-7 ծանրորդներ, ովքեր հավաքականի անդամներ են։

Շատ տաղանդավոր մարզիկներ այստեղ են մարզվում՝ Սեւակ Սահակյանը, Սամվել Գրիգորյանը, Էլեն Գրիգորյանը, Սոնա Պողոսյանը։ Նրանք բոլորն այստեղից են։ Այս մարզադպրոցը տվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, աշխարհի մեծահասակների մրցանակակիր եւ օլիմպիական խաղերի մեդալակիր՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով մինչ օրս մարզվում է այստեղ:

Հաճելի կլիներ, որ պայմանները մեծ լինեին, բայց մեզ ամենը բավարարում է։ Տաղանդավոր մարզիկին պետք է պայմանները չխոչընդոտեն մարզումների համար, բայց բնական է, որ լավ կլինի՝ յուրաքանչյուր մարզիկ լավ, հարմարավետ, ամեն ինչով ապահովված մարզադահլիճներում մարզվի: Դա միայն կնպաստի: Մեր ապագա, ներկայիս ծանրորդներին մեր մարզադպրոցի պայմանները բավարարում են, տաք է, հարմար է, բայց փոքր է: Վստահ եմ, որ այս մարզադպրոցը Եվրոպայի, աշխարհի դեռ շատ չեմպիոններ կտա, համոզված եմ նաեւ, որ Օլիմպիական չեմպիոն սան էլ կունենանք՝ Հռիփսիմե Խուրշուդյանը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.