Փաշիկ Ալավերդյան. Ընդունել եմ Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը

15:41   10 դեկտեմբերի, 2014

Ինձ առաջարկել են գլխավորել Հայաստանի ծանրամարտի հավաքականը: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը պաշտոնանկ արվեց։ Ընդհանուր քննարկման ու որոշման արդյունքում, իմ թեկնածությունը առաջադրվեց: Ես ընդունել եմ առաջարկը, սակայն դեռ վերջնական որոշումը չի կայացվել: Դեկտեմբերի 20-ին կլինի հաջորդ նիստը եւ վերջնական կկայացվի որոշումը՝ ես կգլխավորեմ հավաքականը, թե մեկ ուրիշը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հատուկ նիստը, որն անցկացրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նիստի ընթացքում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հեռացվել է գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Ֆեդերացիայի նիստում քննարկվեց Ղազախստանում կայացած աշխարհի առաջնության արդյունքները: Նիստը վարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Մոտ 25 հոգանոց նիստ էր, որին մասնակցում էին մարզչական խորհրդի անդամները: Լուրերն այն մասին, որ Պողոս Պողոսյանը պաշտոնանկ է արվել, ճիշտ է, քանի որ նիստի ընթացքում մարզչական խորհդի անդամները իրենց դժգոհությունը հայտնեցին աշխարհի առաջնության արդյունքների վերաբերյալ՝ գնահատելով տղամարդկանց հավաքականի ելույթներն անբավարար:

 Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում առաջարկվեց իմ թեկնածությունը մարզչական խորհրդի կողմից: Ես էլ համաձայնեցի եւ ընդունեցի առաջարկը: Բայց որոշումը վերջնական չէ, քանի որ դեկտեմբերի 20-ին պետք է անցկացվի եւս մեկ նիստ: 

Ես դեռ պետք է երկու շաբաթվա ընթացքում կազմեմ եւ ներկայացնեմ 2016թ. Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի ծրագիրը: Եթե իմ ծրագիրը հավանության արժանանա, ես կգլխավորեմ հավաքականը, եթե ոչ, նոր թեկնածու կնշանակեն: Ամեն ինչ կախված է ներկայացվելիք ծրագրից: Եթե ընդունվի, ապա սիրով կգլխավորեմ հավաքականը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից ոչ ոք մեդալ չնվաճեց՝ թիմային հաշվարկում գրավելով 16-րդ տեղը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։