Մելինե Դալուզյան. Արմունկիս երկու վիրահատությունից հետո սա առաջին խոշոր մրցաշարն էր

20:27   17 նոյեմբերի, 2014

Արմունկիս երկու վիրահատությունից հետո սա իմ առաջին խոշոր մրցաշարն էր: Աշխարհի առաջնությունում 11-րդ տեղն ինձ գոհացնում է, քանի որ նույնիսկ գերազանցեցի մարզումների ընթացքում բարձրացրած կիլոգրամներս։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարի 69 կգ քաշային կարգում 11-րդ տեղը զբաղեցրած Մելինե Դալուզյանը: Երկարատեւ դադարից եւ վիրահատությունից հետո նա առաջին անգամ դուրս եկավ մրցահարթակ՝ երկամարտում ցույց տալով 227 կգ արդյունք:

«Ինձ համար առայժմ այս 11-րդ տեղի արդյունքը նորմալ է, նույնիսկ ավելին, քան ես սպասում էի, քանի որ արմունկիս երկու վիրահատությունից հետո ես առաջին անգամ դուրս եկա պայքարի: Մարզումներս սկսել եմ հետվիրահատական վերականգնողական շրջանում, մոտ 8 ամիս է, ինչ մարզվում էի, եւ այդ կարճ ժամանակահատվածում այս արդյունքը ինձ  գոհացնում է: Ես դեռ չէի հասցրել հավաքել համապատասխան մարզավիճակ, բայց այս մարզավիճակով 227 կգ-ն իմ դեպքում լավ արդյունք է:

Հոգեբանական խնդիր կար, քանի որ վիրահատված արմունկս զգալ էր տալիս: Իսկ ծանրամարտում արմունկը շատ մեծ դեր է խաղում: Ցավ էի զգում ամեն վարժության ընթացքում, փորձում էի այնպես անել, որ ինձ չխանգարի, բայց չեմ թաքցնի, որ հոգեբանորեն դա ինձ ինչ-որ առումով ճնշում էր: Լավ մարզավիճակ չէի հասցրել հավաքել, քանի որ պարբերաբար բացակայում էի արմունկիս ցավի պատճառով:

Նորից մարզադահլիճ մտնելը, ծանրաձող բարձրացնելը դժվար ինձ տրվեց: Բայց ես հաղթահարեցի, մարզիչներիս օգնությամբ հասա մինչեւ աշխարհի առաջնություն: Մարզիչներս նույնպես գոհ են 11-րդ տեղից:

Մրցահարթակում բարձր կիլոգրամներ բարձրացնելու մեծ պայքար էր գնում, ես ցավում եմ, որ այս անգամ բարձր կիլոգրամների պայքար չկարողացա տանել: Բայց հույսս աշխարհի հաջորդ առաջնությունն է, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնությունը։ Հաջորդ տարի արդեն կարծում եմ լիովին ապաքինված կլինի արմունկս: Աշխարհի հաջորդ առաջնությունում վստահ պայքարս լինելու է մեդալների համար, եթե իհարկե մնամ 69 կգ քաշային կարգում: Ցանկություն ունեմ 75 կգ քաշային կարգ տեղափոխվել: Սա իմ եւ մարզիչներիս ընդհանուր որոշումն է: Այդ քաշային կարգն ավելի է համապատասխանում իմ ֆիզիկական կառուցվածքին: Բայց եթե մնամ 69-ում եւ աշխարհի առաջնությունում հանդես գամ այս քաշային կարգում, խոստանում եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի:

Այժմ կնախապատրաստվեմ 2015թ. ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Արդեն լուրջ պետք է նախապատրաստվեմ, որովհետեւ սպասելիքները մեծ են լինելու, կիլոգրամները՝ լուրջ»,- ասաց Մելինե Դալուզյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկները մեդալ չնվաճեցին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։