Լեւոն Արոնյան. Մրցակիցներս համառ էին եւ լավ էին պաշտպանվում

22:34   11 նոյեմբերի, 2014

Հույս ունեմ, որ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը կդառնա ավանդական եւ ես էլ կնվաճեմ հաղթողի կոչումը, ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված մրցաշարից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին եւ վաստակեց 4 միավոր՝ Բորիս Գելֆանդի հետ կիսելով 3-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Լեւոն, մրցաշարի 7 տուրերից 6-ում շարունակ ոչ-ոքիներ էիք գրանցում եւ միայն վերջին տուրում կարողացաք հաղթել: Բա՞րդ մրցակիցներն էին:

Դե հույս ունեի, որ ավելի շատ միավոր կվաստակեի, բայց այնպես ստացվեց, որ մրցակիցներս շատ համառ էին  եւ լավ էին պաշտպանվում:

Մրցաշարում հետաքրքիր էր խաղալը, ուրախ եմ, որ մասնակցեցի: Այն շատ լավ էր կազմակերպված: Հուսով եմ, որ այս մրցաշարը ավանդական կդառնա եւ այսպիսի գեղեցիկ մրցանակ մի անգամ էլ ես կնվաճեմ:

Ո՞ր պարտիան էր ամենադժվարը:

Երեկվա պարտիան Գրիշչուկի հետ եւ՛ ամենաբարդն էր, եւ՛ ամենահետաքրքիրը: Ափսոս, որ  չկարողացա առավելության հասնել նրա նկատմամբ:

Այս օրերին շախմատի աշխարհի չեմպիոնի թագը վիճարկում են Անանդն ու Կարլսենը:  Մեկնարկից առաջ Ձեր նախապատվությունը տվել էիք նորվեգացի գրոսմայստերին, իսկ այսօր նա պարտվեց: Ի՞նչ կասեք այդ մասին:

Այո, ասել եմ, որ երեւի Անանդը կպարտվի, քանի որ նրա համար շատ բարդ է խաղալ Կարլսենի հետ, բայց այսօր Կարլսենը պարտվեց: Այսօրվա խաղը շատ կարեւոր էր, հնարավոր է՝ այս պարտությունից հետո շատ դժվար լինի Կարլսենի համար: Նա վաղուց Անանդին չէր պարտվել: Սա կարող է նրա վրա հոգեբանորեն ազդել:

Կարծում եք, որ պարտությունից հետո բա՞րդ է հոգեբանորեն տրամադրվել: Դուք, օրինակ, ինչպե՞ս եք վարվում այդ դեպքերում:

Դա կախված է խաղացողից: Կան շախմատիստներ, որ պարտությունից հետո չեն կարողանում խաղալ եւ ուժը ցուցադրել: Ինձ մոտ այդպես չէ: Պարտությունից հետո ես ներսս կոփում եմ, ասում եմ, որ այդպես չի կարելի: Դե, համենայնդեպս, վերջին երկու մրցաշարերում չեմ պարտվել (ծիծաղում է):

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։