Անհավանական ինքնագոլն ապահովեց Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակը

22:25   9 նոյեմբերի, 2014

Բունդեսլիգայի հետնապահ Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում 5 անընդմեջ պարտություն կրելուց հետո վերջապես հաղթանակ տարավ: 11-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Դորտմունդում նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին նկատելի առավելություն, սակայն չկարողացան գոլ խփել, իսկ Մխիթարյանը կորցրեց իրական գոլային պահ եւ մեկ գերազանց փոխանցում կատարեց լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկին, ով չօգտագործեց իր պահը:   

Ընդմիջումից հետո եւս Դորտմունդի թիմը շարունակում էր գրոհել, իսկ մյոնխենգլադբախցիները խաղում էին ընդգծված երկրորդ համարով: Այն, ինչ չէր հաջողվում անել Յուրգեն Կլոպի սաներին, 58-րդ րոպեին արեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը, ով մոտ 40 մետրից գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին եւ Դորտմունդի «Բորուսիան» ընդհատեց անհաջողությունների շարքը: Աջ կիսապաշտպանի դիրքում հանդես եկած Հենրիխ Մխիթարյանը կատարեց մեծ աշխատանք եւ խաղաց առանց փոխարինման:

Երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Համբուրգին», եւ տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը, 23 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: Դորտմունդի «Բորուսիան» 10 միավորով հեռացավ վերջին տեղից՝ բարձրանալով 15-րդ տեղ: Առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 27 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 20 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 1:0

Կրիստոֆ Կրամեր, 58 (ինքնագոլ)

«Վոլֆսբուրգ» - «Համբուրգ»՝ 2:0

Իվիցա Օլիչ, 27, Աարոն Հանտ, 36



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.