Էլեն Գրիգորյան. Աշխարհի առաջնությունից հետո կվիրահատվեմ

23:39   7 նոյեմբերի, 2014

Այստեղ ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ակնկալիքով եւ նպատակով:  Կփորձեմ կանանց հավաքականին միավոր բերել, օգնել ճանապարհ հարթել դեպի Օլիմպիական խաղեր: Միայն ուսիս վնասվածքն է ինձ անհանգստացնում, բայց ամեն հնարավորը կանեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիմում մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարի 48 կգ քաշային կարգում  Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Գրիգորյանը:

Էլեն Գրիգորյանը առաջինը կմեկնարկի աշխարհի առաջնությունում կանանց մրցապայքարում: Նա մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 8-ին, Հայաստանի ժամանակով ժամը 19:00-ին:

Էլեն, մեկնարկում է օլիմպիական վարկանիշային մրցաշար: Ինչպե՞ս ես տրամադրված աշխարհի առաջնությանը:

Տրամադրությունս շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, շատ լավ եմ տրամադրված: Բոլորիս, այդ թվում եւ ինձ համար այս աշխարհի առաջնությունը շատ կարեւոր մրցաշար է, որին պարտավոր ենք պատվով ներկայանալ: Կարեւորագույն մրցաշար է: Այստեղ ենք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու ակնկալիքով եւ նպատակով: Կփորձեմ աղջիկների հավաքականին միավոր բերել, օգնել ճանապարհ հարթել դեպի Օլիմպիական խաղեր:

Մարզավիճակդ ինչպե՞ս կգնահատես:

Նորմալ մարզավիճակ ունեմ, երկարատեւ մարզումներ ենք ունեցել մինչեւ առաջնությունը: Չեմ ասի, թե շատ լավ մարզավիճակում եմ, նորմալ է ամեն բան: Բայց ունեմ ուսի վնասվածք, որի պատճառով մարզավիճակս նորմալ է, այլ ոչ թե գերազանք:

Այդ նույն վնասվածքը քեզ խանգարում էր նաեւ Եվրոպայի առաջնության ժամանակ: Դեռ լիովին չես ապաքինվե՞լ:

Դեռեւս բուժման կարիք ունեմ: Այստեղ էլ շարունակում եմ բուժումս, լիովին չեմ ապաքինվել: Սպասում էի աշխարհի առաջնությանը, որպեսզի անպայման մասնակցեի, թեւկուզ վնասվածք ուսով: Նպատակս վարկանիշային միավոր ձեռք բերելն է: Իսկ արդեն աշխարհի առաջնությունից հետո կվիրահատվեմ:

Հաջորդ տարի չեմ մասնակցի Եվրոպայի առաջնությանը, բայց արդեն կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը եւ հուսամ արդեն այդ ժամանակ լիովին ապաքինված կլինեմ եւ աշխարհի առաջնությունում դուրս կգամ պայքարի ոչ միայն վարկանիշ ձեռք բերելու, այլ նաեւ մեդալ նվաճելու ակնկալիքով:

Այս առաջնությունում մեդալի, մրցանակային տեղերի սպասելիքներ, հույսեր չունես:

Անկեղծ՝ ոչ: Արդեն ասացի, որ վնասվածք ունեմ, եւ միայն կպայքարեմ թիմին միավոր ձեռք բերելուն օգնել: Այստեղ ամենաուժեղներն են դուրս գալիս պայքարի: Գտնում եմ, որ վնասված ուսով հնարավորություն չունեմ մեդալի համար պայքարելու:

Իսկ վնասվածքով մրցահարթակ դուրս գալը քեզ չի անհանգստացնո՞ւմ:

Կա անհանգստություն, որ վնասվածքս ավելի չբարդանա եւ լուրջ հետեւանքներ չունենա: Ամեն հնարավոր բան կանեմ, կփորձեմ բոլոր 6 մոտեցումներն էլ կատարել, բայց ոչնչից ապահովագրված չեմ; Եթե ցավ զգացի եւ այն ինձ խանգարեց, չեմ կարողան շարունակել:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։